Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ


Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

  • 29-03-2024 11:29:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ 
 
Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։
 
Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով`«Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողները,  ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և  Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության․ արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 40  Аpple մոդելի բջջային հեռախոս։ 
 
Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ 
 
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ Իրավաբանական վարչություն։
 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն