Լոնդոնում հանդիպել են Հայաստանի և Միացյալ Թագավորության ՊՆ ներկայացուցիչները. ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ


Լոնդոնում հանդիպել են Հայաստանի և Միացյալ Թագավորության ՊՆ ներկայացուցիչները. ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

  • 30-03-2024 10:55:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ: 
 
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը:
 
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՄԹ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ` ՄԹ պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն Փոլ Ուայաթի և պաշտպանության ապահովման տնօրեն Գայ Լեսթերի գլխավորությամբ: 
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր: 
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը: 
 
Բրիտանական կողմը ներկայացրել է այդ ոլորտում առկա փորձն ու մեթոդաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։
 
Քննարկումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, փորձագիտական և մեթոդական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:
 
ՀՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play