Թուրքիան չի պատրաստվում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել. Էրդողանի խորհրդական


Թուրքիան չի պատրաստվում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել. Էրդողանի խորհրդական

  • 01-04-2024 13:49:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարել է, որ այդ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում չի նախատեսվում, և Էրդողանի պաշտոնավարումը կտևի մինչեւ 2028 թվականը։
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանի խորհրդականը այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Կարծում եմ՝ նրանք, ովքեր ընդհանուր ընտրությունների համար հաշվարկներ են անում՝ ելնելով ՏԻՄ-ում կուսակցությունների ստացած ձայներից, չպետք է իզուր վատնեն իրենց ժամանակը։ Թուրքիան չորս տարիների ընթացքում առանց ընտրությունների՝ մինչև 2028 թվականը, բարեփոխումների քաղաքականություն կվարի բոլոր ոլորտներում։ Նախագահ Էրդողանը իր ղեկավարությամբ Թուրքիային կտանի նոր փուլեր՝ ելնելով անկախ և ուժեղ Թուրքիայի հեռանկարից»,- գրել է նա։
 
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները գրեթե 99 տոկոսով ամփոփվել են, ինչի արդյունքում այդ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) խոշորագույն քաղաքներում հաղթանակ է տարել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության նկատմամբ։
 
CHP-ն վստահ հաղթանակ է տարել Անկարայում՝ գործող քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածությամբ, Ստամբուլում՝ Գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլույի թեկնածությամբ և Իզմիրում՝ Ջեմիլ Թուգայի թեկնածությամբ։
 
Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է պարտությունը և դեռևս արդյունքների նախնական հաշվարկի փուլում, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP)՝ Անկարայում գտնվող կենտրոնական գրասենյակի մոտ, նշել է, որ իրենք ՏԻՄ ընտրություններում չեն կարողացել հասնել իրենց ցանկալի արդյունքին և փորձելու են հասկանալ ձախողման պատճառները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը