Իսկ Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. ԱՄՆ Պետդեպի պարզաբանումը


Իսկ Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. ԱՄՆ Պետդեպի պարզաբանումը

  • 02-04-2024 10:51:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Մեթյու Միլլերն ասել է, թե ինչ թեմաներ են քննարկվելու Փաշինյան–Բլինկեն–ֆոն դեր Լյայեն հանդիպման ժամանակ։
 
Բրյուսելյան հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ժողովրդավարությանն ու տնտեսությանը, հայ–ադրբեջանական խաղաղության գործընթացը չի քննարկվելու հանդիպման ժամանակ։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս հայտարարությունն է արել ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք բանակցություններին։
 
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։
 
«Այս հանդիպումը նվիրված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, երկրի ժողովրդավարությանը, տնտեսությանը և կենսունակությանը։ Խաղաղության գործընթացն այդ հանդիպման քննարկման թեման չէ։ Սա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսության դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականների աջակցությունը և Հայաստանում քաղաքական բարեփոխումներին ուղղված աջակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Այդ խորհրդակցությունը տարածաշրջանային ուղղվածություն չունի», - նշել Է Միլլերը։
 
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանն ասել էր, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը