ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը


ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը

  • 04-04-2024 10:51:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Մարտի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարական է տվել վերակառուցել ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են գալիս Խորհրդային Հայաստանի տարածքից։
 
Հայաստանի իշխանությունը դեռ չի որոշել, թե ինչպես է անցնելու Վրաստան տանող ճանապարհի նոր հատվածը, որը պետք է այլընտրանք դառնա Ոսկեպար գյուղի մոտով անցնող հատվածին։
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հանձնարարական է տվել վերակառուցել ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են գալիս ՀՀ (Խորհրդային Հայաստանի) տարածքից, օրինակ՝ Տավուշի մարզի Ոսկեպարի մոտ։
 
«Հայտնում ենք, որ առաջադրված հարցերը դեռևս ուսումնասիրման ընթացքում են։ Քննարկումների արդյունքների վերաբերյալ կլինեն համապատասխան մամուլի հաղորդագրություններ», - Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
 
Նշենք, որ մենք նաև հարցրել էինք, թե ուրիշ որ հատվածներում է հանձնարարվել նման աշխատանքներ կատարել բացի Ոսկեպարից, արդյոք այդպիսի հատվածներ են համարվում նաև Տիգրանաշենի, Ազատամուտ-Այգեհովիտ (նախկին Բարխուդարլու-Սոֆուլու) հատվածները, և արդյոք այնտեղ էլ են շրջանցիկ ճանապարհներ կառուցվելու։
 
Հիշեցնենք` Ադրբեջանին տարածքներ տալու թեման թեժացավ, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը