Աջափնյակում, դատարանի շենքի մոտ կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան․ 40-ամյա տղամարդը կալանավորված է


Աջափնյակում, դատարանի շենքի մոտ կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան․ 40-ամյա տղամարդը կալանավորված է

  • 05-04-2024 12:51:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կատարված սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն կրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
 
2023թ. հոկտեմբերի 18-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին, «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված  քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ տղամարդը վնասվաքները ստացել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում հնչած կրակոցների ժամանակ։
 
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անձնական հարաբերություններով պայմանավորված՝ Երևանի 40-ամյա բնակիչը նպատակադրվել է ապօրինի կերպով կյանքից զրկել 54-ամյա համաքաղաքացուն։
 
Այդ նպատակով, նա քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի, 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 8 փամփուշտներով։
 
Այնուհետև, իմանալով, որ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին 54-ամյա համաքաղաքացին լինելու է վերը նշված դատարանի տարածքում, նշված զենքով զինված գնացել է այնտեղ և հանցավոր մտադրությունն իրագործելու համար դարանակալել։
 
Ժամը 14:55–ի սահմաններում, երբ 54-ամյա տղամարդը ևս երեք անձի հետ դուրս է եկել դատարանի շենքից և մոտեցել նրանցից մեկի ավտոմեքենային, 40-ամյա տղամարդը  վազելով մոտեցել է նրան և իր մոտ ապօրինի պահվող  «Байкал-442» մոդելի ատրճանակից թվով չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝  վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր, ծանր վնասվածքներ։
 
Սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց և նրան ցուցաբերվել է բուժօգնություն։ Իսկ 40-ամյա տղամարդը դիմել է փախուստի։ 
 
Վերջինիս վերջնական մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
 
Նրա վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին ներկայացված՝ հանցագործության գործիք «Байкал-442» մոդելի ատրճանակի ձեռքբերման, ձևափոխման և այլ հանգամանքներ պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։  
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն