«Մաշինա վրեմենի» լեգենդար խումբն իր 55-ամյակին նվիրված մեծ համերգով հանդես կգա Երևանում
08-04-2024 09:16:13 | Հայաստան | Մշակույթ
«Մաշինա վրեմենի» լեգենդար խումբը ապրիլի 13-ին Երեւանում հանդես կգա իր 55-ամյակին նվիրված մեծ համերգով։
Ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար եւ երգերի հեղինակ Անդրեյ Մակարեւիչը գալիք համերգի կապակցությամբ նշել է, որ խումբը ծրագրել էր անցյալ տարի աշնանը համերգ ունենալ Հայաստանում, սակայն այն հետաձգվեց:
«Եվ երբ կազմակերպիչներն առաջարկեցին համերգի համար նոր օր ընտրել ապրիլի մեջ, որոշեցինք, որ դա անպայման լինի ապրիլի 13-ին, քանի որ այդ օրը մեր Սաշա Կուտիկովի ծննդյան օրն է, նաեւ ռոքնռոլի միջազգային օրը: Այսինքն, երկու հրաշալի առիթ՝ համերգային տուրը Հայաստանում սկսելու համար», - ընդգծել է նա:
Նա նշել է, որ համերգի ժամանակ նրանք, ովքեր սիրում են խմբի հին երգերը, կարող են նորից վայելել դրանք՝ երկարատեւ դադարից հետո: Իսկ նրանք, ում հետաքրքրում է այսօրվա «Մաշինա վրեմենին», առաջին անգամ հնարավորություն կունենան վերջին ալբոմներում ընդգրկված երգերը գնահատել կենդանի հնչողությամբ:
«Դրանք մենք Հայաստանում դեռ չենք կատարել: Կարծում եմ՝ բոլորի համար էլ հետաքրքիր կլինի», - ասել է նա եւ հավաստիացրել, որ Երևանում խումբը կնվագի իրենց բոլոր հիթերը:
Հիշելով իր վերջին այցը Հայաստան՝ Անդրեյ Մակարևիչն ասաց, որ դա տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը՝ Starmus փառատոնին մասնակցելու շրջանակներում:
Փառատոնի ժամանակ նա կատարեց երկու երգ միայն կիթառի ուղեկցությամբ՝ առանց խմբի: Մակարևիչն ընդգծեց, որ փառատոնն ինքնին զարմանալի էր: Մասնաորապես ասաց, որ երաժշտության և գիտության միաձուլումը հիանալի գաղափար էր:
«Ես ու կինս մեկ-երկու ազատ օր ունեինք շրջելու Հայաստանի տեսարժան վայրերում՝ Գառնի, Գեղարդ, Էրեբունի․․․ Անհավանական տեսարան էր։ Հրաշալի ու համեղ է հայկական գինին», - կիսվել է հիշողություններով երաժիշտը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներին, որոնք հայտնի պատճառներով այսօր ապրում են Հայաստանում, Անդրեյ Մակարեւիչն ասել․
«Մենք ուղղակի կնայենք միմյանց, որովհետեւ վաղուց չենք տեսնվել…»։
Եզրափակելով զրույցը ՝ ի պատասխան հարցին թե ինչ կմաղթեր խելահեղ աշխարհում ապրող մարդկանց, հատկապես որ աշխարհի տարբեր անկյուններում այժմ մոլեգնում են պատերազմները, երաժիշտը նշել է․ «Խաղաղության եւ հանգստության կարիք ունենք բոլորս»: