Բաքուն կրկին «ականների սպառնալիք»-ից է խոսում


Բաքուն կրկին «ականների սպառնալիք»-ից է խոսում

  • 08-04-2024 13:02:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ականների սպառնալիքը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում ոչ միայն վտանգում է մարդկանց կյանքը, այլև դանդաղեցնում է տնտեսական աշխուժացման գործընթացը», - այսօր հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Մամեդովը կառավարություն-ՄԱԿ ղեկավար կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։
 
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է ականազերծման գործողությունները ներառել ՄԱԿ-ի մինչև 2030-ի ծրագրերի օրակարգում՝ որպես կայուն զարգացման 18-րդ նպատակ՝ նշելով, թե COP29-ը (Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանը) կարող է կարևոր հարթակ ծառայել Ադրբեջանի կողմից առաջադրված 18-րդ նպատակն առաջ մղելու համար։
 
44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։
 
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։ Պաշտոնական Երևանն էլ այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:
 
«Բաքուն ժխտում է Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակելով շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթի», - հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը