Վեճերի այլընտրանքային լուծումը՝ դատարանների բեռնաթափման ու երկրի ներդրումային գրավչության բարձրացման ցուցիչ. կայացավ AMCA-ի մեդիա դասընթացը


Վեճերի այլընտրանքային լուծումը՝ դատարանների բեռնաթափման ու երկրի ներդրումային գրավչության բարձրացման ցուցիչ. կայացավ AMCA-ի մեդիա դասընթացը

  • 08-04-2024 15:29:04   | Հայաստան  |  Իրավունք

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA), կարևորելով մեր երկրում վեճերի այլընտրանքային լուծման մշակույթի զարգացումը, արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումն ու Հայաստանի՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ կիրառող երկրի համբավի ձևավորումը, նախաձեռնել էր երկօրյա դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար:
 
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը լրագրողների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության էությունն ու առանձնահատկությունները, կիրառության ոլորտները, ինչպես նաև մանրամասնեց Կենտրոնի ծավալած գործունեությունն ու մատուցած ծառայությունները: «Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացումն ուղղակիորեն նպաստում է պետության իրավական մակարդակի բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վեճերի լուծման արագությանն ու արդյունավետությանը»,-ասաց Տաթևիկ Մատինյանը և նշեց, որ հենց այս նպատակով էլ ստեղծվել է AMCA-ն Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ:
 
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արբիտրաժի ինստիտուտը կայանում է, երբ առկա է պետական աջակցություն ու պետություններն իրենք են նպաստում նմանատիպ կենտրոնների ստեղծմանը: «Դատարաններում քննվող գործերի 80 տոկոսը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձման պահանջով վեճերն են, որոնք մեր նման արբիտրաժային կենտրոններում արագացված ընթացակարգով լուծվում են մեկից երեք ամսում»,-հավելեց Տաթևիկ Մատինյանը: Բացի այդ՝ անկախ արբիտրաժային կենտրոնների առկայությունն ու ակտիվ գործունեությունը երկրում մեծացնում են տվյալ երկրի ներդրումային գրավչությունն ու նպաստում միջազգային ներդրումային հոսքերի ավելացմանը: Միջազգային ներդրողը որևէ երկիր դիտարկելիս հաշվի է առնում, թե այդ երկրում վեճ ունենալու պարագայում ինչպես է այն քննվելու: Վեճերի քննության անկախ, արդյունավետ և արագ մեխանիզմի առկայությունը բարձրացնում է երկրի միջազգային ներդրումային վարկանիշը:
 
Արբիտրաժն ու հաշտարարությունն ամբողջությամբ գաղտնի գործընթացներ են: Հենց այս առումով էլ դրանք գրավիչ են հատկապես խոշոր ընկերությունների համար, որոնք չեն ցանկանում հանրայնացնել իրենց տարաձայնությունը որևէ կողմի հետ: Տաթևիկ Մատինյանի խոսքով՝ անգամ կենտրոնի լսումների սենյակներն են ձայնամեկուսացված, որպեսզի տեղեկատվության արտահոսք տեղի չունենա: «Թեև արբիտրաժի և հաշտարարության գործընթացները գաղտնի են, մենք՝ որպես կենտրոն, մի կողմից՝ ունենք հաշվետվողականության և թափանցիկության ապահովման խնդիր,  մյուս կողմից՝ ունենք հանրությանը կրթելու, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներն ու դրանց կարևորությունը ներկայացնելու նպատակ, և այս հարցում մեծ է լրատվամիջոցների դերը»,-ասաց Տաթևիկ Մատինյանը՝ ավելացնելով, որ լրագրողներն առանց վեճի մանրամասներն ու կողմերին բացահայտելու կարող են իրազեկել հանրությանը թե արբիտրաժի, թե հաշտարարության առավելությունների, ինչպես նաև վարույթի իրականացման ընդհանուր կարգի մասին: Ու թեև չկա մի ոլորտ, որտեղ արբիտրաժն ու հաշտարարությունն անելիք չունենան, այնուամենայնիվ, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները կիրառելի չեն քրեական, վարչական ու հանրային ոլորտի որոշ վեճերի դեպքում:
 
Դասընթացի ժամանակ AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանն էլ խոսեցին հաշտարարության դերի, վարման ընթացքի, առաջացող բարդությունների ու դրանք հաղթահարելու մեխանիզմների մասին: Հաշտարարության և արբիտրաժային ոլորտին առնչվող թեմաներ լուսաբանելիս անհրաժեշտ գիտելիքներով և մասնագիտական տերմինոլոգիայով կիսվեց AMCA-ի Արբիտրաժային խորհրդի փոխնախագահ, SIGMA LAW GROUP-ի կառավարիչ-գործընկեր, հաշտարար Ռաֆիկ Գրիգորյանը: 
 
Դասընթացի ավարտին մասնակիցները կիրառեցին յուրացրած գիտելիքները դատախաղի միջոցով:
 
***
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ստեղծվել է 2023 թվականի մայիսին։ Կենտրոնի ստեղծման որոշումը ստորագրվել է կենտրոնի  հիմնադիրների՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության կողմից։ AMCA-ի Արբիտրաժային կանոնների հիմքում ընկած են Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային կանոնները։ AMCA-ի նպատակն է զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում, ապահովել առավել բարենպաստ ներդրումային միջավայր, բարձրացնել Հայաստանի՝ որպես վեճերի լուծման հարթակի համբավը, ինչպես նաեւ նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը։ AMCA-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ արբիտրաժ, հաշտարարություն, խորհրդատվություն, դասընթացներ և վերապատրաստումներ։ AMCA-ն իր պրոֆեսիոնալ, գիտակ, ոլորտային մասնագիտացած, տեղի և միջազգային արբիտրների ու հաշտարարների շնորհիվ՝ իրականացնում է արագ, արդար ու պրոֆեսիոնալ:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք