«Երևան–Բաքու հարաբերություններում չենք կարող գլխավոր միջնորդ լինել, բայց...». Խաինդրավա


«Երևան–Բաքու հարաբերություններում չենք կարող գլխավոր միջնորդ լինել, բայց...». Խաինդրավա

  • 11-04-2024 13:59:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Վրաստանում կարծում են, որ Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։
 
Վրաստանը բավարար քաղաքական ռեսուրս չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդ դառնալու համար, սակայն Թբիլիսին կարող է միջնորդ լինել տեխնիկական առումով որոշակի շփումներ հաստատելու համար։ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան այս հայտարարությունն արեց՝ ելույթ ունենալով «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից դեպի իրականություն» փորձագիտական համաժողովում:
 
Նա համարում է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումն է անկախության ողջ ընթացքում։ Խաինդրավան ընդգծեց, որ Երևանն այս ամբողջ ընթացքում կասկածով էր նայում վրաց-ադրբեջանական նախագծերին, Բաքուն՝ հայ-վրացական նախագծերին:
 
«Վրաստանը տեխնիկական առումով կապեր հաստատելու միջնորդ կարող է լինել և կա։ Կա դրա պատրաստակամությունը, և որոշակի քայլեր ձեռնարկվել են»,- ասաց Խաինդրավան:
 
Այս առնչությամբ նա հիշեցրեց ականապատ դաշտերի քարտեզների հետ գերիների փոխանակումը, որն իրականացվեց Վրաստանի միջնորդությամբ։
 
Միաժամանակ նրա կարծիքով` ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները միավորվեն, որպեսզի տարածաշրջանը աշխարհագրական հասկացությունից վերածեն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հասկացության:
 
Նրա խոսքով` Հայաստանն ու Վրաստանն առանձին-առանձին գրավիչ չեն խոշոր բիզնեսի, նախագծերի և ներդրողների համար։
 
«Պետք է փնտրել և գտնել տնտեսական և քաղաքական շահերի ձևաչափեր, որոնք հետաքրքիր և շահավետ կլինեն մյուսների համար»,-ասաց Խաինդրավան:
 
Այս առումով նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանն ընդլայնում է Հնդկաստանի հետ կապերը ։ Խաինդրավան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համար պոտենցիալ օգուտ է նաև այն, որ Վրաստանն ազատ առևտրի ռեժիմ ունի ԵՄ-ի և Չինաստանի հետ:
 
Հիշեցնենք, որ Վրաստանը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հարթակ է առաջարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար: Երկրի ղեկավարները հանդես են եկել խաղաղ հարևանության նախաձեռնություն-հարթակի ստեղծման գաղափարով, որի շրջանակում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև առկա մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցերը: 2022 թվականի հուլիսին նման փորձ արվեց` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում ունեցան Թբիլիսիում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը