Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները


Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները

  • 12-04-2024 13:58:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար:
 
Նախարարն ընդգծել է՝ Արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակող միջազգային պայմանագիր, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր, որոնց գործնական կիրառությունն արտացոլվում է համատեղ իրականացվող աշխատանքում: Գրիգոր Մինասյանը առանձնահատուկ կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, նշել, որ այն նոր նշաձող է սահմանել նաև արդարադատության ոլորտում գործակցությունն էլ ավելի խորացնելու համար:
 
Հայաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Ռատի Բրեգաձեին՝ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: 
 
Վրաստանի Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին ջերմ ընդունելության համար:
 
Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի գերատեսչությունների համատեղ նպատակը պետք է լինի Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների իրավական անվտանգության ապահովումը: 
 
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները հույս են հայտնել, որ Երևանում ընթացող Հայ-վրացական իրավական ֆորումը նոր հնարավորություններ կստեղծի փորձի փոխանակման և բարեփոխումների տեղայնացման համար:
 
 
ՀՀ արդարադատության նախարարություն
 
մ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն