Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2 մլրդ դրամը գերազանցող՝ պետությանը վերադարձված գույքն ամրացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2 մլրդ դրամը գերազանցող՝ պետությանը վերադարձված գույքն ամրացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին

  • 12-04-2024 15:45:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը։
 
Հիշեցնենք, որ հաշտության համաձայնությունը հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի վճռով:
 
Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
 
Հավելենք, որ վերջին վեց ամիսների ընթացքում՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակում և 2024 թվականի առաջին եռամսյակում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության շրջանակում, պետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիարդ դրամի գույք: 
 
Նշված ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դրանից հետո ընդունված Կառավարության որոշմամբ, միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 118 միլիոն դրամ արժեքով, ՀՀ սեփականությանն է փոխանցվում նաև շուրջ 609 միլիոն դրամ:
 
 
ՀՀ Դատախազություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն