ՌԴ-ն տեղեկություն է խնդրել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին, ԱՄՆ-ն էլ փոխանցել է․ դեսպան


ՌԴ-ն տեղեկություն է խնդրել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին, ԱՄՆ-ն էլ փոխանցել է․ դեսպան

  • 15-04-2024 13:34:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի իշխանությունները ԱՄՆ-ից տեղեկություն են խնդրել մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին, ամերիկյան կողմն էլ փոխանցել է այդ տեղեկությունը ու նման կերպ կվարվի նաև ապագայում, ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
 
Դեսպանն այլ մանրամասներ չի հաղորդել։ Նա միայն պարզաբանել է, որ եղել է «ուղիղ խնդրանք» Ռուսաստանից, և որ չնայած «Կրեմլի հետ իրական և խորը տարաձայնություններին»` Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տեղի ունեցածի հետաքննությանը, քանի որ «Ռուսաստանի քաղաքացիներն արժանապատիվ ու ապահով կյանքի իրավունք ունեն»:
 
Կրեմլը դեռ չի մեկնաբանել Թրեյսիի հայտարարությունը։
 
«Կրոկուս»-ի վրա հարձակումից կարճ ժամանակ առաջ արևմտյան մի քանի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները նախազգուշացրել էին Մոսկվային երկրում ահաբեկչական հարձակումների մեծ հավանականության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս նախազգուշացումները «շանտաժ» և «Ռուսաստանի հասարակությանը վախեցնելու և ապակայունացնելու մտադրություն» էր որակել:
 
Պաշտոնական տվյալներով՝ Crocus-ի վրա հարձակման զոհ է դարձել ավելի քան 140 մարդ։ Սա վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչությունն էր։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թևը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն մինչ օրս ձերբակալել է 12 կասկածյալների, որոնք հիմնականում Տաջիկստանի քաղաքացիներ են։ Կրեմլը, սակայն, շարունակում է պնդել, թե ահաբեկչությանը մեղսակից է նաև Ուկրաինան՝ առանց հստակ ապացույցներ ներկայացնելու։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը