Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները


Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները

  • 15-04-2024 15:50:28   | Հայաստան  |  Մշակույթ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնին հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մշակութային սահմանները ճեղքող անմոռանալի համերգ։
 
Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները։ Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։
 
Բացառիկ ու շքեղ երեկոյին միանալու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Գրեթե վեց տասնամյակ հարուստ պատմություն ունեցող երգչախումբը միջազգային ճանաչում է ստացել Կոմիտասի, հայ դասական կոմպոզիտորների և համաշխարհային վարպետների ստեղծագործությունների անթերի կատարմամբ:
 
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, արժանացել հեղինակավոր տիտղոսների և բազում մրցանակների։ Երգչախմբի երգացանկը մշտապես գերել է հանդիսատեսին ամբողջ աշխարհում և արժանացել է գովասանքի այնպիսի հեղինակավոր պարբերականների կողմից, ինչպիսիք են Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Mace­do­nia, Le Soir, La revue du Liban, Le provencal։
 
Roma Sinfonietta նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի միջև այս պատմական մշակութային համագործակցությունը խոստանում է համերգը վերածել անզուգական երաժշտական իրադարձության՝ հանրաճանաչ կոմպոզիտորի ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացնելով գեղարվեստական նորարարությամբ ու հետաքրքիր լուծումներով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ