Վաշինգտոնը չի տեսել մի փաստ, որը ցույց կտար, թե ՌԴ զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանը․ Պատել


Վաշինգտոնը չի տեսել մի փաստ, որը ցույց կտար, թե ՌԴ զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանը․ Պատել

  • 18-04-2024 10:25:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վաշինգտոնը չի տեսել մի փաստ, որը ցույց կտար, թե Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ արձագանքելով դիտարկմանը, թե «ռուս խաղաղապահները դուրս են գալիս Ադրբեջանից՝ Ուկրաինայում տեղակայվելու համար», և պատասխանելով հարցին, թե «ինչպիսի՞ն կլինեն հետևանքները Հարավային Կովկասում»։
 
Անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը շատ վառ օրինակ էր, թե Ռուսաստանը որքանով վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ, ասել է Պատելը՝ վերահաստատելով՝ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության։
 
«Եվ պատրաստ ենք շարունակել աջակցել այս գործընթացին», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
 
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները սկսել են դուրս գալ այնտեղից․ Կրեմլը երեկ հաստատեց։
 
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր ասաց, որ զորակազմի դուրսբերման որոշումը կայացվել է բարձրագույն ղեկավարության մակարդակով։ «Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ այս որոշումը կյանքի կոչելու համար», - հայտարարեց Հաջիևը:
 
Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։
 
Ինչո՞ւ են խաղաղապահները ժամկետից մեկուկես տարի շուտ դուրս գալիս հայաթափված Լեռնային Ղարաբաղից, չի նշվում։ Մի քանի օր առաջ Բաքվից հայտարարել էին, թե «պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների ականազերծման գործընթացին»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play