Իրանն ԱՄՆ–ին զգուշացրել է Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին. ԱԳՆ


Իրանն ԱՄՆ–ին զգուշացրել է Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին. ԱԳՆ

  • 18-04-2024 12:05:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իրանը հարվածից հետո էլ է ուղերձ հղել ամերիկյան կողմին։
 
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին զգուշացրել են Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: Տեղեկությունը հայտնում է IRNA-ն։
 
«Ճշմարիտ խոստում» գործողությունը եղել է Դամասկոսում իսրայելական ավիացիայի կողմից իրանական հյուպատոսությանն ուղղված հարվածի պատասխանը:
 
«Մենք հստակ և բացահայտ ասել ենք ամերիկացիներին, որ Իսրայելի ռեժիմին պատասխանելու որոշում ենք կայացրել, որն ընդունվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում՝ նախագահի ղեկավարությամբ, և այն վերջնական է», - ասել է նախարարը:
 
«Ճշմարիտ խոստում» գործողությունից հետո իրանական կողմը գիշերվա 2:30-ին դիվանագիտական խողովակներով ևս մեկ ուղերձ է հղել ԱՄՆ–ին` նշելով, որ Թեհրանը տարածաշրջանում լարվածության սրացում չի ուզում։
 
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
 
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
 
Իսրայելը հայտարարել է, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play