Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև


Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև

  • 25-04-2024 11:36:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։
 
Վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող աշխատանքները՝ Ալիևը նշել է՝ երբ Երևանն ու Բաքուն մենակ ենք շփվում, և ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ։
 
«Մենք հիմա սպասում ենք հայկական կողմի պատասխանին», - ասել է Ադրբեջանի նախագահը։
 
Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
 
Երևանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։
 
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, Ալիևը նշել է, թե այն հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։
 
Միևնույն ժամանակի Ադրբեջանի նախագահը խոստովանել է․ - «Այո՛, «Զանգեզուրի միջանցք» բառը չի նշվել, բայց ասվել է, որ տրանսպորտային կապ կապահովվի Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, որի վերահսկողությունն էլ պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Սա ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Արդեն երեք տարուց ավելի է Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը։ Սա շատ հիասթափեցնող է»։
 
Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցք»-ը հայկական կողմի համար կարմիր գիծ է։
 
Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։
 
Մոսկվան ևս չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ նշելով, որ խոսքը երթուղու մասին է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play