Բաքուն դատապարտում է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը


Բաքուն դատապարտում է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը

  • 26-04-2024 14:26:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է․ այսպիսի պնդում է հնչեցրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
 
«Եվրախորհրդարանի համար վաղուց սովորական է դարձել առանց համարժեք գնահատման նման միակողմանի բանաձևերի մեխանիկական ընդունումը: Այս քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչ Եվրոպայի մի շարք ուժերի կողմից հստակ քաղաքական պատվեր, որն ուղղված է Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելուն», - ասել է խոսնակը:
 
Բանաձևը կողմնակալ և անարդար է որակել նաև Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի մեջլիսը:
 
Երեկ Եվրախորհրդարանը 427 կողմ, 4 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում էներգետիկայի ոլորտում դադարեցնել Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը և հրաժարվել Բաքվի հետ ապագայում որևէ համաձայնագրից, քանի դեռ այդ երկրում չեն ազատի քաղբանտարկյալներին և չեն բարելավի իրավիճակը մարդու իրավունքների խնդրում:
 
Բանաձևի հեղինակը՝ Չեխիայից Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Միխայելա Շոյդրովան, նշել է, որ Եվրախորհրդարանը մտադիր է ձգտել Ադրբեջանում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը:
 
«Մենք հասկանում ենք, թե որքան զգայուն է [էներգետիկայի] հարցը, բայց մենք համոզված ենք, որ ԵՄ-ն չի կարող սերտ հարաբերություններ ունենալ մի երկրի հետ, որը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները»,- հայտարարել է Շոյդրովան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը