Անհնազանդության ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվել են դեպի Պոլիտեխնիկական համալսարան


Անհնազանդության ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվել են դեպի Պոլիտեխնիկական համալսարան

  • 10-05-2024 12:59:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մասնակիցներն առավոտից սկսել են անհնազանդության տարբեր ակցիաներ:
 
Երիտասարդների մի խումբ, շրջելով Երևանի պետական համալսարանում, ուսանողներին համոզել է միանալ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով սկսված դասադուլին, դուրս գալ փողոց: Նման կոչ հնչեցնողները երբեմն հանդիպել են կոշտ հակազդեցության: Դասախոսներից մեկը, մասնավորապես, պահանջել է դուրս գալ լսարանից, չխանգարել դասապրոցեսը:
 
Ավելի ուշ անհնազանդության ակցիայի մասնակիցները Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ երթով հասել են ԵՊՀ, որտեղից էլ այս պահին շարժվում են դեպի պոլիտեխնիկական համալսարան: Անհնազանդության ակցիաների շրջանակում կարճ ժամանակով նաև փողոցներ են փակվում: Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին փակ փողոցներ հանրապետությունում չկան: Իսկ առավոտյան, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, ժամը 11:10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։
 
Ոստիկանության ծառայողները պահանջել են ճանապարհը բացել և երթևեկությունը վերականգնել, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով նրա գլխին:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, ակցիայի մասնակիցը ձերբակալվել է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը