«Ջերմուկ. Մի կտոր անցյալից» խորագրով բացառիկ ցուցադրություն, որն ավելին կպատմի Ջերմուկի մասին, քան գիտենք


«Ջերմուկ. Մի կտոր անցյալից» խորագրով բացառիկ ցուցադրություն, որն ավելին կպատմի Ջերմուկի մասին, քան գիտենք

  • 13-05-2024 10:27:40   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 3-17-ն Ազգային արխիվի ցուցասրահում ունեք բացառիկ հնարավորություն ծանոթանալու Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներից մեկի՝ Ջերմուկի մասին արխիվային նյութերի՝ քաղաքի առաջին գլխավոր հատակագծից մինչև տարբեր թվականների զարգացման ծրագրեր, առաջին անգամ ցուցադրվող լուսանկարներ: 
 
«Ջերմուկ. Մի կտոր անցյալից» խորագրով ցուցադրության նպատակն է ավելին պատմել զբոսաշրջային այս քաղաքի մասին, քան գիտեն ու հասցնում են տեսնել այնտեղ այցելողները:
 
Ջերմուկցի Վազգեն Գալստյանը, ով ցուցադրության նախաձեռնողներից է, շուրջ վեց ամիս աշխատել է Ազգային արխիվի գործընկերների հետ, որպեսզի կարողանան իրականություն դարձնել նշյալ ցուցադրությունը: 
 
«Քաղաք այցելող զբոսաշրջիկներին հիմնականում ներկայացնում են պատմամշակութային արժեքները, քաղաքի տեսարժան վայրերը, սակայն  պատմական առումով քաղաքի զարգացման տենդեցները՝ ինչից ինչ է դարձել, շատ քչերին է հայտնի: Ազգային արխիվի հետ աշխատանքն ուղղված է նրան, որ վեր հանենք այն ամենը, ինչը բվարար չափով ներկայացված չեն հանրությանը»,- նշեց է Վ. Գալստյանը: 
Ներկայացնելով պատմությունը, վերջինս հայտնեց, որ Ջերմուկի՝ որպես քաղաքի հիմքերը դրվել են 1944 թվականին, երբ որոշվել է, որ գյուղատեղի համարվող Ջերմուկում  պետք է ստեղծվեն քաղաքային ենթակառուցվածքներ, և հաջորդ իսկ տարում մշակվել է գլխավոր հատակագիծը:   
 
«1949 թվականից մշակվում է քաղաքի զարգացման պլանը, ըստ որի՝ առաջնահերթ էր հանքային ջրերի ըմպելասրահի և գործարանի ստեղծումը, դրանից հետո առողջարանային տուրիզմի զարգացման համար հարկավոր էր բուժական ծառայություններ մատուցել և բուժարաններ են կառուցվում, հաջորդ քայլով դիմում են Խորհրդային միության տարբեր կազմակերպությունների, որոնք իրենց աշխատակիցներին առողջարանային ծառայություններ մատուցելու համար կառուցում են իրենց շենքերը քաղաքում: Առաջին շենքը եղել է Ջերմուկի բուժական ծառայությունների շենքը, որի տեղում ժողովուրդն ավանդաբար գալիս էր նման ծառայություններ ստանալու»,- մանրամասնում է Վ. Գալստյանը: 
 
Մեծ թափով կառուցապատվող Ջերմուկում ստեղծվում էին բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։ 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։
Ջերմուկը որպես առողջարանային քաղաք չէր ունենա այն համաբավը, որ ուներ նախկինում և հիմա, եթե չլինեին Ջերմուկ հանքային ջերերի պաշարները։ 
 
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Դրանք իրենց քիմիական կազմով ավելի բարձր է, քան Կառլովի Վարիի հանքային ջրերը․
 
«Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ վիրավորների և հաշմանդամություն ստացած անձանց բուժումն առաջնային էր դարձել ԽՍՀՄ պետության համար, իրենք փնրտում էին այնպիսի միջավայրեր, որտեղ հնարավոր կլիներ որոշակի ներդրում իրականացնելով՝ նաև ապահովել մարդկանց առողջարանական բուժման պահանջները, ու Ջերմուկը դարձավ հենց այդ կետերից մեկը»,– մանրամասնեց Վ․ Գալստյանը։ 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
     
 
Նոյյան տապան  -   Հասարակություն