Ականահարելով Ալմա Աթայի հռչակագիրը և խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը. Միրզոյան


Ականահարելով Ալմա Աթայի հռչակագիրը և խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը. Միրզոյան

  • 13-05-2024 15:18:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Երկու երկրների փոխվարչապետները, որոնք նաև ղեկավարում են սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները, եկել են համաձայնության՝ սկսել, մեկնարկել սահմանազատման գործընթացը՝ հիմք ունենալով Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը, և աշխարհի բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ ողջունել են այս երկկողմ համաձայնությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահությունը: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմախոսների, որոշ դիվանագետների դիտարկմանը, թե Ալմա Աթայի հիմքով դելիմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է:
 
«Շարունակաբար ջանքեր եմ գործադրում՝ չներքաշվելու ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, բայց, իհարկե, ես էլ քաղաքական թիմի անդամ եմ և քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, և նաև ջանքեր եմ գործադրում՝ չանցնելու քաղաքական բանավեճի մեջ բարեկրթության սահմանները: Բայց ուղղակի հիմա մի երկու շատ չոր փաստային արձանագրում չանել չեմ կարող: Ձեր նշած «փորձառու դիվանագետները» հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատն այն օրերին, երբ ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա:
 
Որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո և՛ մարդկանց նկատմամբ, և՛ դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ: Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես կարող եմ հնչեցնել:
 
Բայց իրականությունն ավելի վատ է: Ականահարելով Ալմա Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա՝ խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են (վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբա՞ր, թե՞ ակամա), ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը՝ լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով: Ավելին չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց նախարարը:
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը