Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը


Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը

  • 14-05-2024 13:55:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: 
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: 
 
Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: 
 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել կապերի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: 
 
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը: 
 
Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը: Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 
 
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: 
 
Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Տիկին Ֆրեդերիկսենը հրավերը սիրով ընդունել է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն