Մեր խաղաղապահներն արել են ամենակարևորը, որի մասին չպետք է մոռանալ. Գալուզին


Մեր խաղաղապահներն արել են ամենակարևորը, որի մասին չպետք է մոռանալ. Գալուզին

  • 15-05-2024 13:05:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մեր խաղաղապահներն արեցին ամենակարևորը, որը չպետք է մոռանալ. նրանք խաղաղություն և կայունություն բերեցին հակամարտության տարածաշրջան»։
 
Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
 
«Ռուսական խաղաղապահ զորախումբը ներդրվել է հրադադարից և ռազմական գործողություններից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա։
 
Ի թիվս այլոց, նրանց ջանքերի շնորհիվ ստեղծվեցին անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հայկական և ադրբեջանական կողմերը կարողանան սկսել քննարկել և գործարկել կարգավորման հիմնական ուղիները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագրի մշակում, շփումների զարգացում քաղաքացիական հասարակությունների միջոցով։ Այս բոլոր ոլորտներում աշխատանքն առաջ է ընթանում, թեկուզ տարբեր արագությամբ»,- ասել է նա:
 
Ըստ պաշտոնյայի՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական ուժերը մաքրել են ավելի քան 689 կիլոմետր ճանապարհ, ստուգել 1940 շենք, հայտնաբերել և վնասազերծել 26 հազար 794 պայթուցիկ առարկա. «Ապահովվել է սոցիալապես նշանակալի 31 օբյեկտների, 40 կիլոմետր կապի գծերի և 20 կիլոմետրանոց գազատարների գործունեությունը։ Խաղաղապահների մասնակցությամբ տեղի բնակչությանը հասցվել է ավելի քան 222 տոննա մարդասիրական օգնություն։ Կազմակերպվել է կալանավորների և ռազմագերիների փոխանակում, վերադարձվել է 213 մարդ, որից 189-ը Հայաստան, 24-ը՝ Ադրբեջան»:
 
Նա հավելել է, թե ռուսական ջանքերի շնորհիվ և «վեց խաղաղապահների կյանքի գնով» հաջողվել է խուսափել քաղաքացիական բնակչության զգալի զոհերից։
 
«Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են հասցրել և կազմակերպել բժշկական տարհանումներ»,- ասել է Գալուզինը և պնդել, թե «Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության որոշումն է արմատապես փոխել այն հիմնարար պայմանները, որոնց տակ ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը