Շարժումը վերածվել է 100 հոգանոց երեկոյան հավաքների, որի ժամանակ ընթերցվում են կեղծ լուրեր. Ալեքսանյան
21-05-2024 14:30:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «30 հազար հոգուց շարժումը վերածվել է 100 հոգանոց երեկոյան հավաքների, որի երեկոյան ընթերցանության ժամանակ ընթերցվում են կեղծ լուրեր»:
Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Վազգեն Գալստանյանի շարժմանը:
Արձագանքելով հարցին, թե ցուցարարները նաև ոստիկանական ուժերի նկատմամբ են վիրավորական խոսքեր հնչեցնում, վարորդներին վիրավորում, Ալեքսանյանն ասաց, որ դա ևս մեկ դրսևորում է մարող շարժման. «Որովհետև շատ հաճախ մարող շարժումները գնալով ավելի մարգինալանում, ավելի ագրեսիվանում են թե՛ իրենց խոսույթում, թե՛ իրենց պահվածքում: Այսինքն չստանալով հանրության աջակցությունը՝ մնալով փոքր խմբով, այդ խումբը գնալով ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, ու թե՛ ոստիկաններին, թե՛ շարքային քաղաքացիներին հայհոյելու, վիրավորելու և անեծքի ամբողջ դոզան թափելու դեպքերը ցուցիչն են նրա, որ շարժումը մարել ու մարգինալացել է»:
Դիտարկմանը, թե թեև ոստիկանական մեծ ուժերի Բագրատ սրբազանին հաջողվել է հասնել Կիրանց, ասում են՝ հրեշտակի թևերով, Վագահն Ալեքսանյանը արձագանքեց. «Ես չգիտեմ ինչպես է հասել, բայց շատ ուրախ եմ, որ Վազգեն Գալստանյանը հասել է այնտեղ, փաստացի մնացել 15-20 րոպե, ապացուցելով, որ բացի Կիրանցում շոու անելուց՝ առանց բազմաթիվ լրագրողների, մնացած ամեն ինչը մեծ հաշվով իրենց համար էական չէ»: