ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք


ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

  • 24-05-2024 11:13:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
 
Օրերս, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ:
 
Նույն օրը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցենրն,  Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության ու  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել այդ միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, ծանրոցում առկա գրենական պիտույքներից և հագուստից բացի, հայտնաբերվել է նաև ջրաներկի տուփ, որի մեջ տեղադրված 8 սրվակից հայտնաբերվել է 604 գրամ ընդհանուր քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի դեղնավուն և շագանակագույն զանգվածներ։
 
Հիշյալ մաքսանենգության դեպքով ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ թմրամիջոցների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված սուրհանդակային առաքանին ստանալուց հետո, ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ՀՀ  2 քաղաքացի: Նրանք  ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում  վերջիններս ձերբակալվել են:
 
Յ.Գ-ի և Ս.Խ.-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
 
Պարզվել են նշված առաքանին Հայաստան ուղարկող անձի տվյալները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ:
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն