Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Հայդելբերգում


Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Հայդելբերգում

  • 24-05-2024 14:50:46   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում գտնվող՝ Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարանի հիմնադրամի գործադիր տնօրեն պրոֆ․ Բերնդ Բրաունի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 23-ին տուն-թանգարանի ընդարձակ սրահում բացվել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես։ Ցուցահանդեսի կազմակերպման հարցում պրոֆ․ Բրաունին և իր գործընկերներին մեծապես աջակցել է Գերմանա-Հայկական ընկերության նախագահ դր․ Րաֆֆի Քանդյանը՝ նրանց տրամադրելով մեծ քանակությամբ լուսանկարներ և համապատասխան տեղեկատվություն ցեղասպանության վերաբերյալ։
 
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որին մասնակցում էին ավելի քան 150 հյուրեր, ներկա էր և ելույթ ունեցավ նաև Գերմանիայի դաշնային հանրապետությունում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
 
Ուրախալի է, որ ցուցահանդեսն անընդմեջ գործելու է նաև ամռան ամիսներին, ավելի ստույգ՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 5-ը՝ այդ ողջ ժամանակամիջոցում այցելուներին հնարավորություն ընձեռելով տեղեկանալ  ցեղասպանության մասին։
 
Գնահատելի է, որ ցեղասպանությանը վերաբերող ցուցանմուշների հետ միասին սրահի առանձին հատվածում տեղադրված են նաև մերօրյա Հայաստանին վերաբերող մեծ քանակությամբ լուսանկարներ, որոնք Հայաստան չայցելած և մեր երկրին դեռևս անծանոթ այցելուներին տեղեկացնում են հայկական պատմամշակութային արժեքների, տեսարժան վայրերի, զարմանահրաշ բնության և հայկական հյուրընկալության վերաբերյալ։
 
Պրոֆ․ Բերնդ Բրաունի նախաձեռնությամբ կյանքի կոչված ցուցահանդեսը ևս մեկ անգամ փաստում է, թե որքան մեծ դերակատարություն կարող են ունենալ անհատները ինչպես ցեղասպանության, այնպես էլ Հայաստանի ներկայի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում համապատասխան ընկալում ձևավորելու հարցում։
 
Հարգարժան պրոֆեսորը նախկինում ևս ակնդետ եղել է հայ ժողովրդի կողքին՝ հարկ եղած դեպքում Ադրբեջանի հայատյաց և զավթողական քաղաքականության վերաբերյալ կոչեր և պարզաբանումներ ուղարկելով Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներին ։ (Տե՛ս, օրինակ, 2020 թ․նոյեմբերի 20-ին Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին ուղարկված նրա կոչը. https://www.armin.am/images/menus/3156/Bernd%20Braun_germ.pdf: Տե՛ս նաև կոչի հայերեն թարգմանությունը, https://www.armin.am/images/menus/3156/Bernd%20Braun.pdf)։
 
Պրոֆ․ Աշոտ Հայրունի
 
Նոյյան տապան  -   Հասարակություն