Վրաստանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները «զավեշտալի» են անվանել ԱՄՆ-ի պատժամիջոցների նախազգուշացումը


Վրաստանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները «զավեշտալի» են անվանել ԱՄՆ-ի պատժամիջոցների նախազգուշացումը

  • 24-05-2024 15:19:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը վրացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը ընդունած պատգամավորների դեմ պատժամիջոցների մասին, զավեշտական է թվում։
 
Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
 
«Սա աննախադեպ է և միևնույն ժամանակ զավեշտալի, երբ դուք պատժամիջոցներ եք սահմանում ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի նկատմամբ՝ նրա տեսակետներին համապատասխան ընդունված օրենքի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մդինարաձեն:
 
Մեկնաբանելով Բլինքենի հայտարարությունը, որ ոչ միայն վրացի պատգամավորները, այլև նրանց ընտանիքների անդամները կենթարկվեն պատժամիջոցների՝ Մդինարաձեն նշել է, որ «նույնիսկ Խորհրդային Միությունը հրաժարվեց պատասխանատվությունը փոխանցել ընտանիքի անդամների վրա իր փլուզումից մի քանի տասնամյակ առաջ»:
 
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների վիզային պատժամիջոցներին, Մդինարաձեն նշել է, որ «երկրի անկախությունը չի վաճառվում որևէ վիզայի համար»։
 
Ամփոփելով վերջին մի քանի օրերի ընթացքում Արևմուտքի ճնշումները՝ Մդինարաձեն գրել է, թե «շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունը» շարունակում է խանգարել Վրաստանին ինքնուրույն որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական շահերից։
 
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ սկսում է Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը՝ կապված Վրաստանում ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։ Պետքարտուղարությունը նաև վիզային սահմանափակումների նոր քաղաքականություն է ներդնում «Վրաստանում ժողովրդավարությունը տապալելու համար պատասխանատուների», ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։
 
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը Եվրամիությունից կոշտ հայտարարություններ առաջացրեց համայնքին երկրի ինտեգրումը կասեցնելու սպառնալիքների մասին։
 
Նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վրացական իշխանությունների դեմ, եթե այնտեղ ժողովրդավարությունը խարխլվի։
 
Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, պատգամավորները մտադիր են հաղթահարել այն։ Վետոյի վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
 
Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։
 
Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։
 
Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը