Եթե ծնողներին չբավարարի մեր որոշումը, Կիրանցում նոր դպրոց կկառուցենք․ վարչապետ


Եթե ծնողներին չբավարարի մեր որոշումը, Կիրանցում նոր դպրոց կկառուցենք․ վարչապետ

  • 29-05-2024 13:16:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանն է։
 
Այս մասին Ազգային ժողովի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան դելիմիտացված սահմանը։ Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան դա, դուք պետք է դրան չհավատաք, որովհետև իրականությանը չի համապատասխանում։ Հետևաբար այն գյուղերում, որտեղ կա սահմանազատված սահման, այդտեղ ապահովված է անվտանգության ամենաբարձր երաշխիքը»,- ասաց նա։
 
Ինչ վերաբերում է Կիրանցում սահմանազատումից հետո որոշ բնակիչներին փոխհատուցում տալուն, վարչապետ շեշտեց․ «Դուք չպետք է վստահ լինեք, թե գիտեք ինչ է տեղի ունենում փոխհատուցման կամ աջակցության ծրագրերով, որովհետև դրանք իրականացվում են գաղտնի որոշումներով, և որոշումները գաղտնի են, որովհետև պարունակում են անհատական տվյալներ, և դուք չեք կարող ասել։ Դրանք գիտեն այն պաշտոնյանները, որոնք հասանելիություն ունեն այն գաղտնիությանը, թե ինչ է կատարվում, և այն քաղաքացիները, որոնք դիմել ու ստացել են»։
 
Հարցին՝ ի՞նչ են անելու, եթե որոշ ծնողներ Կիրանցում հրաժարվեն դպրոց տանել իրենց երեխաներին, քանի որ դպրոցը կարող է մոտ լինել սահմանին, վարչապետը ընդգծեց՝ այդ հարցերը քննարկելու են դպրոցականների ու նրանց ծնողների հետ․ «Նրանց ցանկությամբ կհասնենք որոշման, լրացուցիչ անվտանգային ծրագրեր կիրականացնենք։ Եթե դա էլ մեր ծնողներին չբավարարի, մենք գյուղի այլ հատվածում նոր դպրոց կկառուցենք, իսկ հին շենքը կամրացնենք սահմանապահ ծառայությանը, քանի որ ծառայությունն էլ ունի շենքային պայմանների կարիք»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը