Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին․ Պահպանել հայերեն նշանակում է պահպանել հայերեն բառերը բացատրական բառարաններում․ Մխիթար Սեբաստացի
03-06-2024 12:20:41 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Պատճեն՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մամուլի օրգաններին
Կարգախոս. Մխիթար Սեբաստացի։ Պահպանել հայերեն նշանակում է պահպանել հայերեն բառերը բացատրական բառարաններում։
Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, վերում բերված Սեբաստացու կարգախոսում կարևորվում է հայերեն բացատրական բառարանների նշանակությունը, սակայն ստիպված եմ ֆիքսել, որ հայերենի վերջին բացատրական բառարանը գրվել է ավելի քան կես դար առաջ: Խիստ կարիք կա նրա թարմացմանը եվ համացանցային օգտագործման համար տեսքի բերել։ Ներկա պայմաններում, երբ վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, գոնե պահպանենք մեր հայոց լեզուն։ Սրա համար գիտությունը ժամանակին ստեղծել է բոլոր հիմքերը։
Օրինակ ՀՀ-ում առկա է հայոց լեզվի ինսիտուտ, լեզվաբանական պրոֆիլի ԲՈՒՀ-եր: Առկա են բազմաթիվ հայագիտական կենտրոններ։ Սակայն բացատրական բառարանի գործը տեղից չի շարժվում։ Ինչպես ասում են << անունում կա, բայց ամանում չկա>>։
Ելնելով իրենց մասնագիտական ուղղվածությունից` դեռեվս 2000թ.-ի սեպտեմբերից պոլիտեխնիկի 2 դասախոսներ նախաձեռնեցին արհեստական բանականության համակարգերի հիմքում ընկած գիտելիքների բազայի(ԳԲ) մշակումներ։ ԳԲ-ն կոնցեպտների ցանց է, որտեղ կոնցեպտները ռեալ աշխարհի հասկացույթներ են: Սրանք լինում են շոշափելի և վերացական։ Ցանցի կապերը հարաբերություններ են այդ հասկացույթների միջև (օրինակ դաս-ենթադաս, մաս-ամբողջություն, հատկանիշ եվ այլն)։ Ինդենտիֆիկացնելով այդ կոնցեպտները բնական լեզվի բառերով` ստանում ենք աշխարհի լեզվային մոդելը։
Անցած ժամանակահատվածում (մոտ 25 տարի) նշված դասախոսները Պոլիտեխնիկի ծրագրավորողների և Բրյուսովի լեզվագետների ուժերով ստեղծեցին ISMA միաբանություն, որը մշակել է և համացանցում տեղադրել (նայիր translator.am) նման մի մոդել, որն այժմ պարունակում է մոտ 130 հազար կոնցեպտ։ Կոնցեպտները անվանարկված են հայերեն բառերով (ավելի քան 200 հազար բառ), ռուսերենով (200 հազար բառ) ,անգլերենով (200 հազար բառ) և այլ 9 լեզուներով միջինում 45 հազար բառերով։ Տրված են կոնցեպտների մեծ մասի նկարագրերը հայերեն ազատ ոճով գրված տեքստերով, ինչպես նաև համացանցային հղումներով ներկայացված տեսողական և լսողական տեղեկություններ պարունակող կայքերով։ Նման Գ.Բ-ի վրա աշխատում է C լեզվով գրված ծրագրային փաթեթ, որն ապահովում է.
1.Բացատրական բառարանի գործառույթներ՝ հայերեն մոտ 200 հազար բառի համար, որոնք ընդգրկում են՝ հայերենի չափից շատ օգտագործվող բառերի 98%-ը (պրակտիկորեն օգտագործվող ողջ հայոց լեզուն), շատ օգտագործվող բառերի 95%-ը, քիչ օգտագործվող բառերի 50%-ը, ինչպես նաև գիտատեխնիկական տերմինների 50%-ը:
2.Հայերեն հոմանիշների բառարանի գործառույթներ (մոտ 40 հազար բառի համար):
3.Թարգմանչական բառարանի գործառույթներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների միջև, յուրաքանչյուր լեզվի համար մոտ 200 հազար բառ, ինչպես նաև այլ ռեգիոնալ լեզուների միջինում 35 հազար բառի համար: Բառային թարգմանությունը կարող է կատարվել 12 լեզուների ցանկացած զույգի համար։ Այս ցանկում կան լեզուներ, որոնցով խոսում են սփյուռքահայեր կամ լեզուներ, որոնք ունեն Հայաստանի համար քաղաքական նշանակություն (մեր թշնամի երկրներում ազգային փոքրամասնություն կազմող ժողովուրդների լեզուներ)։
4.Սփյուռքում հայերենի ուսուցման կազմակերպում (հայերեն այբուբենի յուրացում, հայերեն նախադասությունների շարահյուսական վերլուծություն, բառապաշարի զարգացում): Այդ գործառույթների նկարագրությունները տրված են translator.am-ի առաջին էջում «Ինչ է անում Իսման» և «Հայերենի ինքնուսուցում» կոճակներով։
5.Էլէկտրոնային դասագրքերի տեքստերի ցանկացած բառի բացատրության ստացում մկնիկի մեկ հպումով։ Այս ռեժիմը նախատեսված է օգտագործել հայկական դպրոցներում բնագիտական առարկաների դասավանդման համար, թույլ է տալիս որոշակի չափով փոխարինել ուսուցչին։
6.Համացանցային խմբագրիչի գործառույթներ, որը թույլ է տալիս սփյուռքահայ լեզվագետին մասնակցել բառարանային բազայի հարստացմանը աշխարհի ցանկացած կետից։
Վերը թվարկված բոլոր կետերում բառերը կարող են ներանցվել ոչ միայն անորոշ,այլ նաև իրենց հոլովված և խոնարհված տեսքով։ Եթե բառերը ներանցվում են տառասխալներով, ապա համակարգի կողմից կատարվում է սխալների ավտոմատ ուղղում։ Այս մշակումների վրա մենք ծախսել ենք անձնական միջոցներից մոտ 300 հազար դոլլար, պետական և գրանտային ֆոնդերից մոտ 600 հազար դոլլար։ Ինձ թվում է պարզ է, որ վերը բերված մշակումները չեն կարող ունենալ կոմերցիոն նպատակ։ Նրանք ունեն միայն հայերենի լեզվապահպան նշանակություն։ Այժմ մշակումները իրականացվում են իմ ֆինանսավորումով գործող կոլեկտիվով։ Սակայն ես մահկանացու եմ, մշակումները չընդհատելու համար գտնում եմ, որ այն պետք է շարունակվի պետական կարգավիճակ ունեցող գիտական լաբորատորիայում։ Նման դեպքում մշակված բոլոր ծրագրային և տեղեկատվական բազաները ես անհատույց կնվիրեմ պետությանը:
Այսպիսով մեր միաբանության 25 տարվա աշխատանքի արդյունքը իր նպատակին հասցնելու համար խնդրում եմ (նաև պահանջում եմ)՝
1.Վերաբացել Պոլիտեխնիկում գործող գիտական բազային լաբորատորիան, որը փակվել է 3 տարի առաջ շինծու և ծիծաղաշարժ պատճառաբանությամբ, թե իբր լաբորատորիան չի տպել հոդվածներ միջազգային գիտական մամուլում (երբ լաբորատորիայի գործունեությունը չուներ նման նպատակ, դրա նպատակն էր նպաստել հայոց լեզվի պահպանմանը):
2.Հանձնարարել սփյուռքի գործերով վարչապետի հանձնակատարի գրասենյակին, որ դա ստեղծի կենտրոններ հայերենի օնլայն ուսուցումը անցկացնելու համար translator.am-ում տեղադրված ծրագրային միջոցներով, անհրաժեշտ ցուցումները առկա են համակարգի էջում, իսկ բանավոր խորհրդատվությունները մենք կկազմակերպենք լաբորատորիայի ուժերով:
3.Հանձնարարել ԿԳՄՍ նախարարին, որ նա նախաձեռնի հանրապետության մի քանի դպրոցներում բնագիտական առարկաների (ֆիիզիկա, քիմիա) դասավանդման փորձը մեր համակարգի օգտագործմամբ:
Արդյունքները կարող են գնահատվել միայն դպրոցականների տված գնահատականների օգնությամբ: Ուսուցման նման նոր տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս իջեցնել պահանջը ուսուցիչների որակի և քանակի նկատմամբ: Սա էական է սահմանամերձ շրջանների դպրոցների համար: Եթե ուսուցանվող առարկան ինտերնետում ներկայացված է HTML ֆորմատով, ապա խորհուրդ եմ տալիս օգտվել http://isma.polytechnic.am/ հասցեից: Մոտ 3 տարի առաջ այս առաջարկվող տեխնոլոգիան ցուցադրվել է ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին և ստացել է հետևյալ կարծիքը. << Սա լավ բան է, բայց թող մնա հետո կօգտագործենք>>:
Կից ներկայացնում եմ ՀՀ լեզվի կոմիտեի տված կարծիքը մեր համակարգի մասին:
Հարգանքով՝ տեխնիկական գիտությունների սովետական դոկտոր պրոֆեսոր, ISMA ՍՊԸ-ի տնօրեն՝ Էդուարդ Մանուկյան: