«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը


«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը

  • 03-06-2024 15:09:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած  «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարն՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։  
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշտապես կարևորվել են տրանսպորտային փոխկապակցվածության և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,-այս մասին նշեցին ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ անդրադառնալով միջոցառման կարևորությանը և Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությանը:
 
Նախարարությունից նաև հավելեցին, որ համապատասխան մեխանիզմներ մշակվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
 
«Հիշյալ ուղղությամբ պրակտիկ քայլերը, կառուցողական ջանքերը ՀՀ կառավարության համար խրախուսելի են: Կարևորում ենք դրանց շարունակականության ապահովումը: Ընկերությունը (խմբ․ Gold Way) իրականացրել է նոր երթուղով բեռնափոխադրում, որը միանշանակ ողջունելի է»,- նշեցին ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ այս կապակցությամբ ընկերությունը միջոցառմանը հրավիրել է ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների:
 
Բեռնափոխադրումն իրականացրած կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմեն Սահակյանն իր խոսքում նշեց, որ ընկերությունը երկար փնտրտուքներից հետո կարողացել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում՝ Չինաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումների գործընթաց կազմակերպել։
 
«Այս բեռը եկել է Չինաստանի Շանհայ քաղաքից, որտեղ մեքենան բեռնվում է, և հասցվում է չինական Խարգոս քաղաք, որը հանդիսանում է Ղազախստանի հետ սահմանային անցումային կետ։ Խարգոսում բեռը վերաբեռնվել է այս ղազախական մեքենայի մեջ, կատարվել են բոլոր մաքսային ձևակերպումները, որից հետո բեռնատարը դուրս է եկել երթուղի։ Բեռնատարը մինչև Երևան է եկել ցամաքային տարբերակով՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Բեռը բոլոր նշված երկրների տարածքներում անցել է համապատասխան մաքսային և անցումային կետերը․ խնդիրներ եղել են, բայց դրանք լուծվել են, և 20-22 օրում այս բեռը Շանհայից հասել է Երևան առանց լուրջ խոչընդոտների»,- տեղեկացրեց նա։
 
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ուղեբեռը չին-ղազախական սահմանից Հայաստան տեղափոխած բեռնատարի վարորդը, ներկայացնելով անցած ճանապարհն ու կիսվելով իր տպավորություններով, ևս նշեց, որ բեռնափոխադրումը տևել է մոտավորապես 20 օր։
 
«Իմ անունը Կայրաթ է, ես Ղազախստանից եմ։ Բեռը տեղափոխել եմ Չինաստանից Հայաստան․ սա իմ առաջին ուղևորությունն է դեպի Հայաստան։ Իհարկե, ճանապարհը բավականին երկար է։ Կան ինչպես լավ, այնպես էլ վատ ճանապարհներ։
 
Հայաստանում ճանապարհներն անցնում են շատ բարձր սարերով և ձորերով։ Չինաստանի հետ Ղազախստանի սահմանից այստեղ եմ հասել մոտ 20 օրում»,- ասաց վարորդը։  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը