Հայաստանի Հանրապետության լուծարման Էրդողան-Ալիև ծրագիրը. Ստեփան Հասան-Ջալալյան
08-06-2024 10:12:08 | Հայաստան | Մեկնաբանություն
Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը 2024թ. հունիսի 6-ին Բաքվում թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ-երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ, մասնավորաբար, հայտարարել է.
•«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, մեր կարծիքով, մի քանի հարցեր դեռ բաց են մնում։ Դրանցից մեկը Հայաստանի սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ …անհրաժեշտ է վերջ դնել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի անհիմն տարածքային հավակնություններին։ …քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրությունը մնում է անփոփոխ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է: Երբ մենք բարձրացնում ենք այս հարցը, ես դա ասել եմ և ուզում եմ նորից ասել, ոչ թե այն պատճառով, որ մենք միջամտում ենք նրանց ներքին գործերին, բացարձակապես ոչ, այլ դա մեզ է վերաբերում։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել այն դեպքում, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ։»:
•«…մենք արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը միասին դիմեն ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար: Դրա անհրաժեշտությունը չկա, այն այժմ չի գործում: Մենք դե-ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի:
Ինչ վերաբերում է դե-յուրե, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի և դա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը:
Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, ապա դա կնշանակի, որ նրանց տարածքային հավակնությունները մեր նկատմամբ շարունակվում են:»:
Վերոնշյալը նկատի առնելով՝ հարկ է արձանագրել առնվազն հետևյալը.
առաջին. թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի միջոցով Հայաստանին ուղղված յուրաքանչյուր պահանջի (կամ առաջարկության անվան տակ ձևակերպված պահանջի) Հայաստանի կողմից կատարմանը հաջորդել է և հաջորդելու է նոր պահանջ, այնքան ժամանակ մինչև Հայաստանի Հանրապետության վերջնական լուծարում, աշխարհի քաղաքական քարտեզից իսպառ վերացում և Հայաստանի Հանրապետության տարածքի բաժանում Թուրքիայի և 1918թ. վերջինիս կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի միջև:
Հետևաբար, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը նպատակ չունի Հայաստանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական նպատակն է աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, տիրանալ նրա տարածքին, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հատկապես ազգությամբ հայերին, հնարավորության դեպքում ենթարկել ցեղասպանության, իսկ դրա անհնարինության դեպքում հարկադրել նրանց լքել իրենց բնօրրանը:
երկրորդ. Եվրոպական խորհրդարանն իր 2022թ. փետրվարի 17-ին և նույն թվականի հունիսի 8-ին ընդունած բանաձևերով ադրբեջանաարցախյան հակամարտության վերաբերյալ, մասնավորաբար, արձանագրել է.
•«Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է»,
•«ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին»:
Ինչպես պարզորոշ երևում է մեջբերումներից, միջազգային հանրությունը չի ճանաչում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան և Արցախի պատկանելությունը Ադրբեջանին: Ըստ միջազգային հանրության՝ ադրբեջանաարցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի տաս հանրահայտ սկզբունքներից չորսի համաձայն, այն է՝ ուժ չկիրառման, հակամարտությունների խաղաղ կարգավորման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության:
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը որևէ պարագայում չպետք է գնա ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման միակ միջազգային մանդատն ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով: