Լուկաշենկոն հայտարարել է, որ հաճույքով մասնակցելու են «ազատագրված ադրբեջանական տարածքների վերածննդին»


Լուկաշենկոն հայտարարել է, որ հաճույքով մասնակցելու են «ազատագրված ադրբեջանական տարածքների վերածննդին»

  • 11-06-2024 15:41:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Բելառուսը մասնակցելու է«ազատագրված ադրբեջանական տարածքների վերածննդին»։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սաhիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
 
Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր վերջին այցը Ադրբեջան, մասնավորապես, այցը էթնիկ զտման ենթարկված Արցախ, որտեղ շրջայց է կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Շուշիում ես նրան ասացի՝ դուք ապրում եք դրախտում։ Ես որևէ տեղ նման բան չեմ տեսել՝ լինելով շատ վայրերում մեր մոլորակում՝ մաքուր օդ, հիանալի բնություն։ Համոզված եմ, որ այդ տարածքներում կյանքը վերականգնելով` ևս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք էլ հաճույքով կմասնակցենք այդ աշխատանքներին, որոշվել են ուղղությունները։ Որևէ խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։ Խոսելով Բելառուսի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման մասին՝ նա ապրանքաշրջանառության մակարդակն անվանել է բավականին լավ, բայց անհավասարակշիռ։ «Մենք հասկանում ենք, որ պետք է ավելի շատ ապրանքներ գնել Ադրբեջանից։ Մենք սա կկարգավորենք։
 
Իլհամ Ալիևի հետ զրուցել ենք այն ոլորտների մասին, որոնք ինտենսիվ զարգացման կարիք ունեն տեխնոլոգիաների փոխանցման առումով՝ ռազմարդյունաբերական համալիրից մինչև գյուղատնտեսություն։ Մի խոսքով՝ փակ թեմաներ չկան, մենք պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Բելառուսի նախագահը։ Հիշեցնենք, որ Լուկաշենկոն մայիսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շրջայց էր կատարել Արցախի բնակավայրերում, եղել Վարանդայում ու Շուշիում։ Նա նաև Շուշիին բելառուսական տրանսպորտային տեխնիկա էր նվիրել։ Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչն էլ ասել էր, որ Մինսկը նախատեսում է Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը