Եղանակն ընկել է լոռեցիների հետևից.Վանաձորում ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել
20-06-2024 20:31:43 | Լոռու մարզ | Հասարակություն
20ր. տևած փոթորիկի հետևանքով Վանաձորի մի շարք հատվածներում ծառեր են ընկել: Կան վնասեր, մարդկանց կարծես թե բան չի եղել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Աննա Հովհաննիսյանը։ Նշելով, որ պարեկներն ու փրկարարներն այս պահին հեռացնում են ընկած ծառերը, ճանապարհները դարձնում անցանելի։
Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով հունիսի 20-ին՝ ժամը 17:45-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Դեմիրճյան, Խորենացու, Երկաթուղայինների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
«Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ։