Կայացել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստը


Կայացել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստը

  • 22-06-2024 10:38:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի ունիսի 21-ին տեղի ունեցած նիստին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը Կառավարության անունից գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ սերտ և արդյունավետ գործընկերության համար։ Նախագծային լուծումների և Եվրոպական դատարանի վճիռների շրջանակում՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ԵԽ կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջև օրգանական կապը՝ ընդգծելով, որ վճիռների կատարումը Հայաստանի Հանրապետության համար միջոց է մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու համար։
 
«Ծրագրի աջակցությամբ մշակված և արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված «Գվարդիայի մասին» օրենքի նախագիծը անցել է միջազգային փորձաքննություն ԵԽ կողմից ներգրավված բարձրակարգ միջազգային փորձագետի կողմից և ստացել դրական գնահատական։ Փորձագետը նշել է, որ օրենքի ընդունումը կհանգեցնի Ոստիկանության գործունեության էական բարելավման։ Հատկապես կարևորվել է նախագծով ապագա Գվարդիայի լիազորությունների հստակ շրջանակների սահմանումը և ուժի կիրառման իրավաչափության պայմանների և սկզբունքների նախատեսումը։
 
«Երբ մտովի հետ եմ գնում, կարծես թե երեկ էր, որ միասին պլանավորում էինք Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, բայց այսօր, կարելի է ասել, գետնի վրա քննարկում ենք արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, ընդ որում՝ բացառիկ տրամաբանության մեջ է օրենքի նախագիծը մշակվել, որովհետև ԵԽ հետ սկսել ենք հայեցակարգային դրույթներից։ Հայեցակարգը քննարկվել է մեր քաղհասարակության սիրելի գործընկերների հետ, ԱԺ գործընկերների հետ և միասին հայեցակարգային լուծումներից գնացել ենք դեպի օրենսդրական կարգավորումներ»,-նշել է Արփինե Սարգսյանը:
 
Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում Արփինե Սարգսյանը կարևորել է օրենսդրական և գործառնական դաշտում հասցեագրված մարտահրավերների ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով Գվարդիայի ստեղծման հայեցակարգային լուծումների և «Գվարդիայի մասին» օրենքի շուրջ ձեռք բերված կոնսենսուսային մոտեցումները։
 
Օրենսդրական կարգավորումները պրակտիկայում ճիշտ կիրառելու տեսանկյունից Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայողների վերապատրաստումները, մասնավորապես՝ տեսական և գործնական գիտելիքների զուգակցումը, ինչը թույլ կտա ի սկզբանե ձևավորել ճիշտ պրակտիկա։ Նա վստահություն է հայտնել, որ ԵԽ հետ համատեղ սերտ համագործակցության պայմաններում արդյունավետ շարունակական քայլերը թույլ կտան որակական նոր մակարդակ ապահովել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ըստ աղբյուրի՝ Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակատվածում իրականացված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև առաջիկա վեց ամիսների աշխատանքային ծրագիրը։
 
Նշվում է, որ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։ Իր ելույթում նա անդրադարձել է ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարման պարտավորություններին, ինչպես նաև դրանց նպաստող օրենսդրական փոփոխություններին ուղղված աջակցությանը։
 
ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն իր խոսքում անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին։
 
ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, նախարարությունների և շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ։
 
Նիստի մասնակիցները ծավալել են ակտիվ քննարկում։ Պլանավորվել է Ծրագրի երկրորդ փուլը։
 
ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել Ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը