Կլաարը ողջունում է հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմի Հայաստանի առաջարկը


Կլաարը ողջունում է հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմի Հայաստանի առաջարկը

  • 24-06-2024 12:20:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով «15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է կիսել իր փորձը»:
 
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվե Կլաարը ողջունում է հրադադարի խախտումների երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը:
 
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունել», - X սոցիալական ցանցում գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:
 
Կլաարն ընդգծել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով «15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է կիսել իր փորձը»:
 
Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում հայկական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների մասին, որոնք, որպես կանոն, հերքում են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Վարչապետի աշխատակազմն էլ երեկ հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը