Պարզաբանում՝ Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ


Պարզաբանում՝ Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

  • 03-07-2024 11:49:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն:
 
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ   Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 թվականին և 1220 թվականին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչել է համայնքային սեփականություն», որի հիմքով Կադաստրի կոմիտեն 2019 թվականի ապրիլի 4-ին գրանցել է Եղիպատրուշ համայնքի սեփականության իրավունքը: 
 
Նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 4-ին, նույն իրավական հիմքերով Կադաստրի կոմիտեն գրանցել է Ապարան համայնքի սեփականության իրավունքը եկեղեցու նկատմամբ: Հետագայում՝ 2020 թվականի հունիսի 9-ին, Ապարան համայնքը Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող եկեղեցին նվիրատվության պայմանագրով օտարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նույն թվականի հուլիսի 6-ին Կադաստրի կոմիտեն գրանցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքը:
 
Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի է) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը:
 
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը:
 
Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:
 
Այս դեպքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը, անտեսելով ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ճանաչել է համայնքի սեփականությունը, այնուհետև այն նվիրաբերել, որի արդյունքում պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին դուրս է եկել պետության տնօրինումից:
 
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել, 2024 թվականի հունվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թվականի փետրվարի 7-ին  հայց է հարուցվել Վարչական դատարան ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019 թվականի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով:
 
Վարչական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ վկայակոչված վարչական գործով հայցադիմումի ընդունումը մերժվել է:
 
Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է:
 
Գլխավոր դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Միաժամանակ, 2024 թվականին հունիսի 11-ին Ապարան համայնքի ավագանուն առաջարկ է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով հայց հարուցել դատարան: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն