Օրբանն Ադրբեջանում գտնվելու ժամանակ «գաղտնի» նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը


Օրբանն Ադրբեջանում գտնվելու ժամանակ «գաղտնի» նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը

  • 09-07-2024 15:46:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մոսկվայում և Պեկինում, ոչ հրապարակային նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը՝ ներկայացնելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների մանրամասները և Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ։
 
Այս մասին հայտնել է svoboda.org-ը՝ նշելով, որ խմբագիրները փաստաթուղթը ստացել են եվրոպացի մի պաշտոնյայից, որը ցանկացել է անհայտ մնալ։
 
Նամակը թվագրված է հուլիսի 5-ով և ուղարկվել է Ադրբեջանից, որտեղ Հունգարիայի վարչապետն այցելել էր Մոսկվայից հետո, որպեսզի օկուպացված Շուշի քաղաքում մասնակցեր Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Փաստաթուղթն ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ անդամ երկրների ղեկավարներին։
 
Ըստ նամակի՝ Կրեմլը վստահ է, որ «ժամանակը ոչ թե Ուկրաինայի, այլ ռուսական ուժերի կողմն է»։ Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Պուտինը, իր հետ զրույցում, Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գնահատել է ամսական 40-50 հազար մարդ։ Սակայն, միևնույն ժամանակ, նա չի նշել ռուսական կողմի կորուստների թիվը։
 
«ՌԴ նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր զինադադարի գաղափարը»,- գրել է Օրբանը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան, նրա խոսքով, պատրաստ է «դիտարկել հրադադարի ցանկացած առաջարկ, որը չի ծառայի ուկրաինական ուժերի գաղտնի վերադասավորմանը և վերախմբավորմանը»։
 
Օրբանի խոսքով՝ ինքը Պուտինի հետ քննարկել է, այսպես կոչված «չին-բրազիլական խաղաղության պլանը» (Չինաստանի և Բրազիլիայի միջև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման ընդհանուր համաձայնագրերը)։ Ըստ Հունգարիայի վարչապետի՝ «ռուսական կողմի քննարկում է այս ծրագիրը»։
 
Հունգարիայի վարչապետը կարծում է, որ Եվրոպան պետք է հանդես գա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում խաղաղարար գործընթացներ սկսելու նախաձեռնությամբ։
 
«Եթե մենք չկարողանանք զսպել կամ կասեցնել այս գործընթացը (Ուկրաինայի պատերազմը.-Խմբ.), ապա առաջիկա երկու ամսվա ընթացքում մենք ականատես կլինենք առաջնագծում ավելի ողբերգական կորուստների և ռազմական իրադարձությունների», – ասվում է Օրբանի նամակում:
 
Հուլիսի 2-ին Օրբանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ օրը Ուկրաինայի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հունգարիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Բուդապեշտը բարձր է գնահատում Կիևի՝ խաղաղության հասնելու նախաձեռնությունները, սակայն կարծում է, որ դրանց իրականացումը շատ ժամանակ կպահանջի։ Օրբանմը Զելենսկուն առաջարկել էր մտածել ժամանակավոր հրադադարի մասին:
 
Հուլիսի 5-ին Օրբանը չհայտարարված այց է կատարել Մոսկվա, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Օրբանի խոսքով՝ ինքը նույն առաջարկն արել էր նաև Պուտինին:
 
Հուլիսի 8-ին Օրբանը մեկնել է Պեկին, որտեղ հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Բանակցությունների հիմնական թեման, ըստ Օրբանի, խաղաղության բանակցություններ սկսելու և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալն էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը