Կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանի ուշագրավ հաջողություններն Ամերիկայի Միացյալ Նահանգներում


Կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանի ուշագրավ հաջողություններն Ամերիկայի Միացյալ Նահանգներում

  • 27-07-2024 10:05:35   | ԱՄՆ  |  Մշակույթ

Ժամանակակից երաժշտության բնագավառում աշխատող հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը մշտապես մեծ ուշադրության կենտրոնում է: Օգտվելով այն առիթից, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, երիտասարդ նշանավոր կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանը միջազգային մրցույթ-փառատոներում գրավել է պատվավոր առաջին հորիզոնականները, որոշեցինք անդրադառնալ նրա ուշագրավ հաջողություններին։ Կոմպոզիտորը միջազգային ճանաչման է արժանացել Բարսելոնայում, սույն թվականի հուլիսի 1-ին անցկացված արվեստի առցանց միջազգային մրցույթ-փառատոնում՝ գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը: Փառատոնը, որը կոչվում էր «Իսպանական արևի գույները», ողջունեց միջազգային արտիստներին և արվեստի սիրահարներին ամբողջ աշխարհից՝ մրցելու և դիտելու տարբեր վիրտուալ միջոցառումներ։ Հ. Հարությունյանի «Իմ քաղաքը» երգը (խոսք` Հասմիկ Հարությունյանի), որը Արմեն Դիվանյանի անվ. «Արևներ» մանկապատանեկան անսամբլի կատարմամբ տպավորեց հանձնախմբին,  ներկայացրեց հայկական երաժշտական մշակույթը միջազգային բեմում:  Հանձնախմբի անդամները նշել են. «Քանի որ մենք գնահատել ենք մասնակցությունը միայն որպես կոմպոզիտոր, մենք բարձր ենք գնահատել այս աշխատանքը։ Այն լավն էր և պրոֆեսիոնալ։ Տեսանելի է, որ ստեղծման ընթացքում հաշվի է առնվել նաև կատարողի տարիքը։ Շնորհավորում ենք լավ աշխատանքի կապակցությամբ»։
 
Հ. Հարությունյանը նաև 1-ին մրցանակի է արժանացել Անգլիայում անցկացվող «Բարի գալուստ Անգլիա» միջազգային մրցույթ-փառատոնին` ներկայացնելով «Դինգ-դոնգ» երգը (խոսք`Միկուլա Լեոնտովիչի ): Այս մրցույթ-փառատոների հանձնախմբերը կազմված էին աշխարհի հայտնի երաժիշտներից և պրոդյուսերներից, որոնք ընտրել են հաղթողներին՝ հաշվի առնելով նրանց բացառիկ տաղանդը և ներդրումը երաժշտության մեջ: 
 
Վերոնշյալ մրցույթ-փառատոներում պատվավոր շնորհակալագրերի է արժանացել նաև Արմեն Դիվանյանի անվ. «Արևներ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանը` պրոֆեսիոնալիզմի, ստեղծագործության հանդեպ սիրո և ոլորտում տաղանդի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։ 
 
ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ
Երաժշտագետ, 
«Երաժիշտ» ամսաթերթի գլխավոր խմբագիր, 
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ