Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը


Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը

  • 29-07-2024 15:31:16   | Հայաստան  |  Մշակույթ

Օգոստոսի 10-ին եւ 11-ին «Հաղթանակ» զբոսայգում սպասվում է ամենահայկական  իրադարձությունը՝ «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը, որը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի կողմից՝  ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
 
Տարազի մեծ տոնակատարություն, որին կարող են մասնակցել մայրաքաղաքի բնակիչները, երեխաները, Երեւան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը։
 
Փառատոնի նպատակն է մասսայականացնել եւ հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող  զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։
 
Հայաստանի թանգարանների, արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների եւ Հանրապետության փոքր համայնքների մշակութային արժեքների եւ ավանդույթների, ազգային խաղերի, պարերի եւ երաժշտության, ուսուցողակրթական ժամանցային ծրագրերի, ազգային հագուստի ցուցադրությամբ՝ ժամանակակից ներկայացմամբ տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ»  6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը։
 
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակը հայկական մշակույթի եւ մանավորապես՝ հայկական տարազի ժողովրդականացումն է ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում. ներկայացնել ազգային հագուստը, մշակույթն ու  ավանդույթները, ընձեռել ազգային արժեքներին ծանոթանալու հնարավորություն:
 
«Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը կարեւոր խթան են հանդիսանում մշակութային զբոսաշրջության զարգացման համար։ Մեր բազմադարյա պատմությունը, ազգային ավանդույթները, ինքնատիպ արհեստն ու արվեստը Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն աջակցում է ազգային արժեքների պահպանմանը Հայաստանի եւ հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության, հեղինակության եւ հարգանքի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը։ Այս համատեքստում կարող ենք նշել, որ ՏԱՐԱԶֆեստն իր ձեւաչափով  յուրահատուկ մշակութային փառատոն է, որն ավելի հագեցած է դարձնում Հայաստանի զբոսաշրջային երթուղին»,-ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը
 
«ՏԱՐԱԶֆեստ»-ը շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք՝ հնարավորին նպաստելով Երեւանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը, որի շրջանակում ներկայացվում է Հայաստանի բազմաշերտ եւ հարուստ մշակութային ժառանգությունը: Այս փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛  դիզայներների եւ արհեստագործների ոլորտում, թե՛ զբոսաշրջության: Սա հիանալի հարթակ է լայն հասարակությանը ներկայացնելու ժամանակակից ժողվարպետներին, նրանց աշխատանքները, թանգարանների եւ դիզայներների հավաքածուները: Կարեւորում ենք փառատոնի շրջանակում մասնակից այլ ազգերի մշակութային համայնքների, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ Հայաստանում կողք կողքի համերաշխ ապրում ու ստեղծագործում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ», - ասում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանը:
 
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։
 
«Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության մասին
 
«Տերյան մշակութային կենտրոն»-ը ծավալում է մշակութային, գրական, կրթական գործունեություն։ Զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ, փոխանցմամբ եւ հանրահռչակմամբ: Նպաստում է մշակութային գործունեության՝ ստեղծագործական նախագծերի եւ միջոցառումների իրականացմանը։ Հանդես է գալիս ավանդական մշակույթի, ժողովրդական ձեռարվեստի վերականգնման, արդիականացման, կիրառման եւ տարածման խիստ արժեքավոր նախաձեռնությամբ: Զբաղվում է հայկական ազգային հագուստի՝ տարազի ճշգրիտ վերականգնմամբ:
 
«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին :
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ