«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԲԸ-Ն ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ԿՈՆՑԵՍԻՈՆ<br /> ԿԱՌԱՎԱՐՄԱՆ <br />


«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԲԸ-Ն ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ԿՈՆՑԵՍԻՈՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

  • 29-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն, որում ընդգրկված են հանրապետության բոլոր ավտոկայարանները, ավտոկայանները եւ երթակարգավարական կետերը, նախատեսվում է կոնցեսիոն կառավարման հանձնել միջազգային փորձ ունեցող ընկերությանը: Սակայն, ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայավտոկայարան»-ի տնօրեն Արմեն Հարությունյանը, մինչ այդ անհրաժեշտ է գոյություն ունեցող 31 ավտոկակայաններում իրականացնել մի շարք աշխատանքներ` համակարգը ներդրողին գրավիչ դարձնելու համար: Այդ իսկ պատճառով ներկայումս ընկերությունում կատարվում են կառուցվածքային բարեփոխումներ, ինչպես նաեւ նախատեսվում է առաջիկայում ընկերության միջոցների հաշվին կատարել որոշակի բարեկարգման աշխատանքներ: Ինչ վերաբերում է ավտոկայարանային համակարգին, ապա ըստ Ա.Հարությունյանի, այն ներկայումս գտնվում է բավականին անմխիթար վիճակում. որոշ քաղաքներում դրանք գրեթե չեն էլ գործում: Չկան անհրաժեշտ պայմաններ թե' վարորդների, թե' ուղեւորների նորմալ սպասարկումն իրականացնելու համար: Մասնավորապես, բացակայում են սանիտարահիգիենիկ եւ կենցաղային տարրական պայմանները, խախտվում են հակահրդեհային նորմերը, չեն գործում սննդի կազմակերպման կետերը, չեն կատարվում նախաուղերթային զննումներ: Հանրապետությունում, հիմնականում մայրաքաղաքում, գործում են նաեւ երթակարգավարական 17 կետեր: Ըստ Ա.Հարությունյանի, այստեղ նույնպես խնդիր կա, քանի որ դրանց մի մասը գործում է ոչ օրինական դաշտում եւ տեղակայված է նախարարության կողմից չարտոնված վայրերում: Բացի այդ, ստուգումները ցույց են տվել, որ տրանսպորտային միջոցները դեռեւս հաճախ երթուղի են դուրս գալիս առանց համապատասխան երթակարգավարական ծառայությունում հաշվառման եւ գրանցման, խախտվում է տոմսավարման սահմանված կարգը, չի կազմակերպվում տոմսերի նախնական վաճառք եւ այլն: Ներկայումս աշխատանքներ են տարվում ապօրինի գործող երթագարկավարական կետերը օրինական դաշտ բերելու ուղղությամբ` դրանք տեղափոխելով գործող ավտոկայարաններ կամ նախարարության կողմից թույլատրված վայրեր: Նշվեց նաեւ, որ «Հայավտոկայան»-ը վերջին մեկ ամսվա ընթացքում մարել է իր ունեցած 29 մլն դրամի պարտքը: Միաժամանակ ընկերությանը ետ է վերադարձվել ընդհանուր 48 մլն դրամ պարտքից 24 մլն դրամը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն