Ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է ՀՀ անվտանգության տեսանկյունից. Զախարովա
12-09-2024 10:20:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում ամբողջությամբ չի կարգավորվել, ռուս սահմանապահների դուրսբերումն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից անտեղի է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ:
«Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Ռոբերտովիչն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։ 1992 թվականին Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը հանրապետությունում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին անժամկետ պայմանագիրն է։ Ռուս սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այս ոլորտներում եղել է բեղմնավոր, լայնածավալ փոխգործակցություն, ինչը, նրա ձևակերպմամբ՝ «կարծես նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչներին»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը զգուշացրել է, որ հարևանների հետ անկայուն հարաբերությունների պայմաններում արժե մտածել անվտանգության մասին։
«Մարդիկ, ովքեր փորձագետ չեն, փափուկ բազմոցին նստած ազատ արտահայվում են այս թեմայով, երևի ավելի ճիշտ կլինի խոսքը տալ նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ են դնում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։