Կայացրել ենք ռազմավարական որոշում, որ պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան. Փաշինյան


Կայացրել ենք ռազմավարական որոշում, որ պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան. Փաշինյան

  • 18-09-2024 14:24:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Շատ կարևոր է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը, ընդ որում՝ մենք այստեղ, ըստ էության, կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, այսինքն՝ փոքր տիպի մոդուլյար ատոմակայան:
 
Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգության մասով ռազմավարությանը:
 
«Մասնագետները մեզ բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, այսինքն՝ ի՞նչ է դա նշանակում, որ մոդուլային տեխնոլոգիաներով կառուցված ատոմակայանի ներսում, եթե, աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում, այսինքն՝ այդ վթարը տեղային նշանակության վթար է, որը միջավայրին չի սպառնում, և սա մեզ համար ակնհայտ դարձրեց, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով:
 
Հիմա ի՞նչ է տեղի ունենում. մոդուլային ատոմայականների տեխնոլոգիայի կիրառման փուլին են հասել մի քանի երկրներ:
 
Միացյալ Նահանգները ոնց որ թե ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրն է, բայց այդ տեխնոլոգիայով զբաղվում է նաև Ֆրանսիան, այդ տեխնոլոգիայով զբաղվում է նաև ՌԴ-ն, Հարավային Կորեան, և մենք աշխատում ենք գործընկերների հետ:
 
Մի պրոբլեմ կա, որ այս պահին դեռևս աշխարհում գործող մոդուլյար ատոմակայան չկա: Կան կառուցվողներ, որոնք տարբեր ընթացքի մեջ են, բայց դեռևս գործող չկա: Մեր համոզմունքն այն է, որ դա անխուսափելի բան է. դա լինելու է միանշանակ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ տեխնոլոգիան բավարար չափով հասունացած է:
 
«Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը և՛ Հայաստանի ներսում, և՛ շրջակա երկրների համար որևէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք»,- հայտարարեց Փաշինյանը:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը