ԱՄՆ-ն մի քանի տասնյակ զինվորների կուղարկի Մերձավոր Արևելք՝ ամերիկացիներին տարհանելու նպատակով


ԱՄՆ-ն մի քանի տասնյակ զինվորների կուղարկի Մերձավոր Արևելք՝ ամերիկացիներին տարհանելու նպատակով

  • 24-09-2024 14:25:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է մոտ օրերս մի քանի տասնյակ ամերիկյան զինվորների ուղարկել Մերձավոր Արևելք, որպեսզի նրանք պատրաստ լինեն օգնելու ամերիկացիներին փախչել տարածաշրջանից, որտեղ սրվել է Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության երեք պաշտոնյաների։ Տարածաշրջանում արդեն գտնվում է շուրջ 40 000 ամերիկացի զինվորական. նրանց թիվն աճել է Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի ընթացքում, որին զուգահեռ լարվածությունը սրվել էր նաև Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև։ Պաշտոնյաները նշել են, որ նոր զորքերն այլ առաքելություն կունենան, մասնավորապես՝ նրանք կլինեն պատրաստության վիճակում, եթե Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտերը սպառնան ամերիկացիներին, և նրանց տարհանելու անհրաժեշտություն լինի:Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը սեպտեմբերի 23-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փոքր թվով լրացուցիչ ուժեր է ուղարկում «մեր ուժերն ավելացնելու համար, որոնք արդեն տարածաշրջանում են»: Նա հրաժարվել էր հայտնել լրացուցիչ զորքերի թիվը, նրանց տեղակայման վայրը կամ նպատակը։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը լայնածավալ օդային հարձակում է սկսել Լիբանանի վրա՝ որի հետևանքով գրեթե 500 մարդ է զոհվել, ավելի քան 1600 մարդ՝ վիրավորվել։ 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը