Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախանշեց առաջիկա երեք տարիների իր ռազմավարությունը
08-04-2011 21:43:25 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 8-ին Երեւանում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների
ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 11-րդ համագուրը, որին մասնակցում էին նաեւ համակիրներ, Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների, պետական գերատեսչությունների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախի տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:
Ինչպես նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ընթացիկ համագումարի կարեւորությունն այն էր, որ նախանշվեց միության 2011թ.-ի հիմնական նպատակը, ընդունվեց միության նոր` 2011-2013թ.թ.-ի ռազմավարությունը, որում ներառված է նաեւ առաջիկա 20 ամիսների գործողությունների ծրագիրը: «Քանի որ միությունը ոլորտի ընկերությունները միավորող ամենախոշոր կառույցն է, ապա ռազմավարությունն էական ազդեցություն է ունենալու ոլորտի առաջիկա 1-3 տարիների զարգացման վրա»,-ասաց նա:
Միությունը հիմնադրվել է 2000թ.-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա` ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Հիմնադիրներն են «Միգմա», «Ալգորիթմ», «Լինկ», «Հայկական ծրագրեր», «Արմինկո» եւ «Սեդիթ» ընկերությունները: Ներկայումս անդամների թիվը հասել է 53-ի, որոնց թվում են նաեւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ եւ ընկերություններ: Մինչեւ տարեվերջ ակնկալվում է, որ անդամների թիվը կաճի եւս 15-ով:
«Իմ անձնական, միգուցե` սուբյեկտիվ կարծիքով, շատ հաջող տարի է եղել մեր միության համար: Շատ մեծ աճ ենք ունեցել, զգալի հաջողություններ կան, թեկուզ եթե նայենք մեր անցյալ տարվա միջոցառումները»,- ամփոփելով միության 2010թ.-ի գործունեությունը` նշեց ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը: Նա հատկապես կարեւորեց ոլորտի բիզնես միջավայրի ստեղծմանն ուղղված DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսի եւ DigiTec ցուցահանդես-ֆորումի, ՏՀՏ առաջնորդների հանդիպում-ֆորումների անցկացումը: «Նամանավանդ` վերջին բիզնես ֆորումը, որը շատ հաջող անցավ եւ զգալի աճ ունեցանք նախորդ տարիների համեմատ, նաեւ որակապես աճ ունեցանք այն իմաստով, որ ավելի շատ էին ներկայացված բիզնես լուծումները, ավելի մեծ էր հետաքրքրությունը»,-ընդգծեց Հ.Ավոյանը:
2010թ.-ի միջոցառումների շարքում առանձնահատուկ կարեւորվեց ռոբոտների
Հայաստանի բաց առաջնությունը` ArmRobotics-ը, որը, միության նախագահի բնորոշմամբ, բավականին հաջող էր: «Զգում ենք, որ արդեն հասունանում է մի կրիտիկական զանգված, որը սկսում է հետաքրքրվել այս ուղղությամբ»,-ասաց նա: Նշվեց նաեւ, որ այս տարի միությունը նախաձեռնել է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության անցկացումը, որը մեկ-երկու տարուց կլինի կայացած միջոցառում:
«Ունեցանք նաեւ մի շարք բավականին հաջողված հանդիպումներ նախարարների եւ նախարությունների հետ: Բավականին հաջող համագործակցություն է սկսվել Պաշտպանության նախարարության հետ, կապված ՏՏ ոլորտի ներուժի օգտագործման հետ, ինչպես ավելի գրավիչ եւ ժամանակակից դարձնել բանակում ծառայությունը, ինչպես անել, որպեսզի երիտասարդները ծառայության ընթացքում չկորցնեն իրենց մասնագիտական հմտությունները եւ անգամ զարգանան, որպեսզի քաղաքացիական կյանքին վերադառնալուց հետո կարողանան օգուտ բերել տնտեսությանը»,-ասաց Հ.Ավոյանը: Ըստ նրա, միությունը համագործակցում է նաեւ Պետեկամուտների կոմիտեի հետ: Վերջինի հետ ձեւավորված համատեղ աշխատանքային խումբը փորձում է լուծել տարբեր խնդիրներ: «Հույս ունենք, որ դա լինելու է շարունակական, եւ կունենաք բեկումնային փոփոխություններ»,-ընդգծեց նա: Առաջիկայում միությունը մտադիր է նաեւ ակտիվացնել համագործակցությունը Կրթության եւ գիտւթյան նախարարության հետ, ինչպես նաեւ ամրապնդել Էկոնոմիկայի նախարարության հետ առկա ավանդական կապերը:
«Այս տարվա նվաճումներից մեկն այն է, որ թիմը շատ պրոֆեսիոնալ, լավ գործ է անում, ինչը մեր ապագա հաջողությունների գրավականն է լինելու, եւ շատ ոգեւորիչ է: Մենք այս տարի ունենք շատ մեծ առաքելություն, մենք արդեն որոշել ենք, որ ունենք մի քանի թիրախային ուղղություններ, որոնց վրա կենտրոնանալու ենք, եւ դա արտացոլված է նաեւ մեր ռազմավարության մեջ: Դա առաջին հերթին` կրթությունն է, մենք ունենք որակյալ կադերի զգալի պահանջ, եւ այսօր բիզնեսը զարգանալու հիմնական խոչընդոտն անհրաժեշտ թվով որակյալ մասնագետների պակասն է: Այս ուղղությամբ ունենք զգալի անելիքներ»,-ասաց նա:
ԻՏՁՄ նախագահն ընդգծեց. «Ունեցանք նաեւ շատ լավ հանդիպում Արցախում, եւ ես հույս ունեմ, որ մենք ինչ-որ չափով նաեւ լիցք տվեցինք, որ ՏՏ ոլորտը սկսի զարգանալ նաեւ Արցախում, ինչն իր հերթին թույլ կտա այլ ոլորտներում եւս խթանել տնտեսական զարգացումը»:
Արցախի Հանրապետության Տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանն էլ իր հերթին հայտնեց, որ 2001թ.-ից Արցախում ՏՏ ոլորտը հայտարարված է որպես գերակա, «սակայն, առանց չափազանցության, նկատելի որեւէ աշխատանք, հետեւապես` նաեւ արդյունք մենք չունեցանք»: «Անկեղծ ասած, վերածնունդ կամ այլ կերպ ասած էական ձեռքբերումների սկիզբ կարելի է համարել, երբ 2010թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպվեց մեր շրջայցը ՏՏ հայաստանյան կազմակերպություններ, որտեղ ես ուղղակի ոգեւորված էի, որտեղ մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ իրոք հնարավոր է, որպեսզի հայ ճարտարագետը կամ հայ գործարարը ստեղծի մի արդյունք, որը հաջողությամբ իրացվում է ոլորտի համաշխարհային լիդեր համարվող երկրներում: Սա իրոք բացահայտում էր ինձ համար»,-ասաց նախարարը: Ըստ նրա, սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին արդեն Արցախում կազմակերպվեց ոլորտի առաջնորդների «մի հրաշալի միջոցառում, որը Արցախի ՏՏ ոլորտի սկիզբը հանդիսացավ»: «Կարճ ժամանակահատվածում ունեցանք առաջընթաց, կոնկրետ քայլեր, ունեցանք մի քանի հայկական ընկերությունների բիզնեսի ընդլայնում դեպի Արցախ»,-հայտնեց Արցախի նախարարը` հավելելով, որ ոլորտի զարգացման համար որոշակի նախադրյալներ է ստեղծում Արցախի` ի համեմատ Հայաստանի, ավելի մեղմ հարկային դաշտը: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որը մեծապես օժանդակում է Արցախում մեր գործունեությանը, թույլ տվեց խոսելու այն մասին, որ, երեւի թե, մեկ ամսվա ընթացքում մենք կարող ենք հայտարարել Արցախում տեղեկատվական կենտրոնի բացման մասին, ներկայացնելով նրա մոդելը»,-վստահեցրեց Կ.Եսայանը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կ.Վարդանյանը` անդրադառնալով նոր ռազմավարությանը, ընդգծեց վերջինի հիմնական նպատակը. «Մենք Հայաստանը տեսնում ենք որպես զարգացած տեխնոլոգիական երկիր, եւ ռազմավարության ամբողջ նպատակն ուղղված է դրան: Դա դիտարկված է բոլոր` ոլորտի համախմբման, շահերի պաշտպանության, ոլորտի զարգացման, պետության հետ համագործակցության, կրթության, ասոցիացիայի զարգացման ուղղություններով: Այս բոլոր ուղղությունները կարեւորվում են, եւ համաչափ պետք է անցկացնենք»,-վստահեցրեց նա:
Ըստ նրա, չափազանց կարեւոր են նաեւ այն բոլոր հարցերը, որ իրենք առաջադրել են ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ. «Դա կրթության, տեխնոլոգիական համալսարան ունենալու խնդիրն է, լայն տեխնոլոգիական ձեռներեցության շարժում սկսելն է, այսինքն, որ երիտասարդները մեծ քանակով գնան դեպի տեխնոլոգիական ձեռներեցություն, եւ երրորդ` կառավարման մարմնի ստեղծման եւ հայեցակարգի խնդիրներն են»: Նշվեց, որ ակնկալվում է սկսել նոր` տեխնոլոգիական համալսարանի ձեւավորումը Ճարտարագիտական համալսարանի բազայի հիման վրա: «Հույս ունենք, որ մի 10 տարի հետո Հայաստանում կունենանք գոնե 100 լավագույն տեխնոլոգիական համալսարաններից մեկը»,-ասաց Կ.Վարդանյանը:
Տեխնոլոգիական ձեռներեցության խթանման կապակցությամբ էլ Կ.Վարդանյանը հույս հայտնեց, որ այսօր գործող 300 տեխնոլոգիական ընկերությունների քանակը, առնվազն առաջիկա 8 տարում, մոտենա 1000-ի: «Պետության հետ համագործակցության առումով էլ խնդիրներ ենք տեսնում: Մասնավորապես, մեր հիմնական նպատակն է, որ Հայաստանի տնտեսությունը տեխնոլոգիաներ շատ կիրառի, եւ այդտեղ հատուկ գործողություններ են պետք: Կիրառումը, իհարկե, տարեցտարի ավելանում է, բայց տեմպերը գոհացուցիչ չեն»,-ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը: Պետության ֆինանսական աջակցության հարցը, ըստ նրա, դեռեւս մնում է «օդի մեջ», լուրջ փոփոխություն չկա: «Կարծում եմ, իրավիճակը կփոխվի, որովհետեւ այսպես չի կարող մնալ»,-վստահեցրեց Կ.Վարդանյանը: