ՆԶՊ-ի ուսուցիչը երեխային հարվածել է, շրջել սեղանը. ինչ է տեղի ունեցել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում


ՆԶՊ-ի ուսուցիչը երեխային հարվածել է, շրջել սեղանը. ինչ է տեղի ունեցել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում

  • 18-10-2024 13:40:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ 34-ամյա Սուսաննա Պետրոսյանը կիսվել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում իր՝ 14-ամյա երեխայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ դպրոցի ուսուցիչը, ըստ ծնողի, երեխային հարվածել է:
 
 
Կնոջ խոսքով՝ երեխան սովորում է 9-րդ «Ա» դասարանում, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։30-ին, երեխայի հեռախոսից իրեն զանգահարել է դասղեկը՝ Աղավնի Գրիգորյանը, կանչել դպրոց, ասել՝ ռազմագիտության դասի ժամանակ երեխան իրեն լավ չի պահել, անկարգություն է արել, և վիճաբանություն է առաջացել։
 
«Դպրոցում ասացին, որ այդ ամենը տեղի է ունեցել ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյանի դասի ժամանակ։ Երբ հնչել է օրհներգը, երեխաները անկարգություն են արել, իսկ 54-ամյա ուսուցիչն էլ դասընկերների ներկայությամբ սկսել է հարվածներ հասցնել, հրել իմ տղային և դասընկերոջը։ Անգամ ասել է, որ ինքը քանի որ պատերազմի մասնակից է, այդ երեխաները թուրք են, և ինքը այդպիսի թուրքերի է սատկացրել։ Ես մտա դպրոց, նախատեցի իմ երեխային՝ չիմանալով, որ ուսուցիչը անգամ ծեծել է նրան։ Նույնիսկ ուսուցչից ներողություն խնդրեցի, և տուն վերադարձանք։
 
Այդ օրը երեկոյան ինձ զանգեցին ծնողկոմիտեից ու ասացին, որ ինչ իրավունք ունի ուսուցիչը խփի երեխային։ Մինչ դա ես չգիտեի, որ երեխային հարվածել է։ Հետո արդեն ծնողները հաղորդագրություններ ուղարկեցին ու պատմեցին, որ՝ այո, խփել է, սեղանը շրջել և այլն։ Նաև նկատեցի, որ երեխայիս մարմնի վրա հարվածների հետքեր ևս առկա են, նկարները ուղարկեցի դասղեկին։ Հաջորդր օրը գնացի դպրոց, ու դասղեկը արդարանալով ասաց, որ իբր իրենք փրկել են թե՛ իմ երեխային, թե՛ ուսուցչին։ Դպրոցում ասացի, որ այս դեպքը անհետևանք չի մնալու ու դիմելու եմ բոլոր կառույցներին, հրապարակայնացնելու եմ, քանի որ ոչ մեկը իրավունքի չունի իմ երեխայի վրա ձեռք բարձրացնել»,- պատմել է ծնողը:
 
Վերջինիս խոսքով՝ այդ ամենից հետո դասղեկը իրեն կանչել է դպրոց ու խոստովանել՝ ուսուցիչը հարվածել է երեխային, բայց այդ ամենի մեղավորը իր երեխան է․ «Ասաց, որ այնպես կանեն, որ խնդիրը իրենք հարթեն ու հնչողություն չստանա, բայց ես գնալու եմ մինչև վերջ, որ բոլորը իմանան ու պատասխան տան։ Բռնությունը պետք է վերանա դպրոցներից»։
 
Տեղի ունեցածի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել Երևանի քաղաքապետարանից, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է։
 
Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնել են՝ ծնողը դիմել է տարբեր մարմիններ, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարություն, այժմ միջադեպի մանրամասներն են քննարկվում, ընթանում է մասնագիտական ուսումնասիրություն, որի արդյունքներն ավելի ուշ պարզ կլինեն։
 
 
«Միայն դրա արդյունքներից և իրականության պարզ լինելուց հետո քաղաքապետարանը հանդես կգա ամբողջական մեկնաբանությամբ»,- հայտնել են քաղաքապետարանից:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը