Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն


Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն

  • 22-10-2024 23:49:18   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն։
 
Ինչպես գիտեք, Մանկության Ակադեմիան անչափ կարևորում է հայեցի դաստիարակությունը և մշտապես քարոզում է մոտ լինել բնությանը։
 
Մեր նպատակն էր մեկ անգամ ևս հետ հայացք ձգել մեր ազգային ավանդույթներին, սովորություներին, դարձնել  օրը ընտանեկան տոն, ինչպես դա արել են մեր նախնիները դարեր շարունակ ՝ խաղողօրհնեքի, հացօրհնեքի ժամանակ։
 
Մանկության Ակադեմիայի այգում  ներկայացված էին հացի, խաղողի և գինու, մրգի և բանջարեղենի տաղավարները, որտեղ տոնակատարության մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև հացի և գինու պատմությանը։
 
Ըստ Աստվածաշնչի, մարդկությունը բացահայտել է գինու համը այն ժամանակ, երբ ջրհեղեղից հետո  Նոյ  նահապետը Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ 2011թ. Արենի համալիրում պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը 6000 տարեկան է։
 
Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսից առաջ 3-2-րդ հազարամյակներում։
Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո, առաջին բերքը տանում էին եկեղեցի և միայն օրհնելուց հետո էին աղում և թխում։
 
Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ուտելուն ասում են հաց ուտել։ 
Հայկական էպոսում Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այսպիսով ուժ ստանում կռվից առաջ։
 
Այգու ձևավորումը, ազգային երգ ու պարը, լարախաղացի ներկայությունը այնպիսի միջավայր ու տրամադրություն էին ստեղծել, որ անհնար էր ուղղակի կանգնել և չդառնալ տոնակատարության ակտիվ մասնակից։
 
Դավիթ Գրիգորյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն