2024 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի հունական համայնքը տոնում է ՕՀԻ տոնը


2024 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի հունական համայնքը տոնում է ՕՀԻ տոնը

  • 28-10-2024 11:51:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Երդվում եմ (հանուն Սուրբ, միաբովանդակ և անբաժանելի Երրորդության) պաշտպանել Սահմանադրությունը և օրենքները,  ապահովել դրանց բարեխիղճ կատարումը, պաշտպանել երկրի ազգային անկախությունն ու տարածքային ամբողջականությունը,  հույների իրավունքներն ու ազատությունը, ծառայել հույն ժողովրդի ընդհանուր շահերին և առաջընթացին»
 
Մեր օրերում հաճախ է լսվում, որ սերբական ապստամբությունը 2 ամսով հետաձգեց 1941 թ. ԽՍՀՄ-ի վրա գերմանական հարձակման սկիզբը, և դրա շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել Մոսկվան։ Սակայն իրականում հունական դիմադրությունն էր, որ 2 ամսով կապեց  գերմանացիների ոտները, ինչը հնարավորություն տվեց -42 աստիճան սառնամանիքին Մոսկվան պահելու։ Հավանաբար դա էր պատճառը, որ ֆրաու Մերկելն այդքան էլ չէր սիրում հույներին։ 
1940 թ. իտալացիների նկատմամբ հույների հաղթանակը Ուինսթոն Չերչիլին հնարավորություն տվեց արտասանելու իր հայտնի խոսքերը, որոնք տարածվեցին աշխարհով մեկ. «Մենք այլևս չենք ասում, որ հույները քաջերի պես են կռվում, մենք ասում ենք, որ քաջերն են հույների պես  կռվում», նկատի ունենալով Հին Հունաստանի հերոսներին, ինչպիսիք են Հերկուլեսը, Աքիլեսը, Պատրոկլը, Ոդիսևսը, Լեոնիդասը և շատ ուրիշներ:
Ճապոնական «DAY» թերթը 1940 թ. դեկտեմբերի 7-ին գրել է. «Մեր երկիրը, որտեղ բարձր են գնահատում քաջությունը, հիացմունքով է հետևում հույների պայքարին Ալբանիայում։ Սա մեզ այնքան է հուզում, որ մենք գոռում ենք՝ Կեցցե ՀԵԼԱԴԱՆ»: Հարգանքի տուրք մատուցելով այս, և հելլենների բոլոր նախորդ պատմական հաղթանակներին, հույն հայտնի գրող Մանոլիս Լուդեմիսը հիանալի արտահայտեց իր ժողովրդի էությունը. «Գուցե հույների որովայնները երբեք լիքը չեն եղել, բայց նրանց գլուխները երբեք դատարկ չեն եղել: Անգամ այն հեռավոր ժամանակներում այդ մարդիկ լի էին հետաքրքրասիրությամբ ու հակասություններով,  ճկուն մտքով, մարտունակ, պայծառ ուղեղով, միաժամանակ՝ հաճախ պարծենկոտ, իշխանատենչ ու վրիժառու, սուր ու հնարամիտ։ Հավերժ փնտրող հոգի, լի հետաքրքրաշարժ երազներով և չարությամբ՝ թիթեռ և օձ միաժամանակ: Մի ձեռքում նա մալա էր պահում արարչագործության համար, մյուս ձեռքում՝ մուրճ՝ ոչնչացման համար: Բայց հենց այս ժողովուրդը ենթարկվեց արտաքին վտանգի, անմիջապես համախմբվեց։ Հետո նա  մանր ու մակերեսային ամեն բան ճնշեց իր մեջ և անվարան զոհաբերությունների գնաց՝ լի հանդգնությամբ ու մեծությամբ»։
Ես պարզապես կավելացնեմ Լուդեմիսի ասածը. «Ցանկացած ազգի հավատամքը, նրա ապրելու ձգտումը նրա էպոսում է թաքնված: Ժողովրդի էպոսում է  ազգի ծածկագիրը։ Հույների համար այն Մեծ Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» էպոսներում է: Հետաքննեք այդ անմահ գործերը և եթե հույն եք, ձեր մեջ շատ հետաքրքիր բան կբացահայտեք»։
Գերմանական գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Վիլհելմ Կայտելը 1941 թվականի մայիսին ասել է. «Հանուն պատմական արդարության մենք պետք է խոստովանենք, որ մեր բոլոր հակառակորդներից միայն հույն ժողովուրդն է կռվել նման քաջությամբ և մահվան նկատմամբ նման արհամարհանքով»:
Իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո  նա կգրի. «Հույների անօրինակ դիմադրությունը Գերմանիայից այն 2 ամիս ժամանակը խլեց, որն այդքան անհրաժեշտ էր մեզ Ռուսաստանում: Եթե մենք այդքան երկար չմնայինք Հունաստանում, ապա Արեւելյան ճակատի մարտերի, ինչպես նաեւ ողջ պատերազմի  ելքը այլ էր լինելու»: 
Արևմտյան ռազմական գրականության մեջ հաճախ այն  ճիշտ կարծիքն է շրջանառվում, որ Հունաստանում իտալական բանակի ձախողումները, այնուհետև Կրետեի մարտերը Հիտլերին ստիպեցին հետաձգել ԽՍՀՄ-ի վրա հարձակման ժամկետը նախ՝ ապրիլի 6-ից՝  մայիսի 15-ը, այնուհետև ևս 5 շաբաթով՝ մինչև 1941 թ. հունիսի 22-ը, ինչի պատճառով գերմանացիները չհասցրեցին Մոսկվան վերցնել մինչև ձմեռվա ցրտերն ընկնելը և, ի վերջո, պարտվեցին»: 
Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հույների ներդրումն ակնհայտորեն ավելի մեծ է, քան Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներինը։ Ստիպելով հետաձգել ԽՍՀՄ գերմանական ներխուժման սկիզբը՝ հույները Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի գործում կարևոր ներդրում ունեցան։ Իսկապես, Հունաստանում երկամսյա հապաղումը օգնեց փրկել Մոսկվան, երբ 1941թ. դեկտեմբերին օդի ջերմաստիճանը հարյուր տարվա մեջ առաջին անգամ իջավ մինչև -42 աստիճան, և Աստված ինքը դեմ էր ֆաշիզմի սև ուժին:
Մոսկվայի ռադիոկայանի եթերում հույն ժողովրդին ուղղված ուղերձում (1942 թ. ապրիլի 27) երախտագիտության խոսքեր հնչեցին. «Դուք քիչ էիք, բայց դուք, թշնամու գերակայող ուժերի դեմ կռվելով, հաղթող եղաք: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դուք հույն եք։ Մենք՝ ռուսներս, ձեր նվիրվածության շնորհիվ պաշտպանության համար ժամանակ ենք շահել։ Մենք  շնորհակալ ենք»։
Հույն ժողովրդի և նրա բանակի հերոսական դիմադրությունը, Հունաստանը գրավելու իտալական ծրագրի ձախողումը հանգեցրեցին գերմանացիների միջամտությանը, ինչը  Խորհրդային Միության վրա նրանց հարձակումը հետաձգեց 10 շաբաթով, և դա վճռորոշ  դեր խաղաց 1941թ. ձմռանը Մոսկվայի պաշտպանության գործում: 1941թ. հոկտեմբերի 28-ին բրիտանացի ֆելդմարշալ Հարոլդ Ալեքսանդերը կասի. «Հույները  գերմանացիների բոլոր պլանները խառնեցին. նրանք ստիպված էին ԽՍՀՄ դեմ պատերազմն  ամիս ու կես ուշացումով սկսել»։ Ռուս գրող, բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, զինվորական  թղթակից Ի. Էրենբուրգը ասել է. «Բոլորիս աչքի առաջ կյանքի կոչվեց մի հին լեգենդ՝ հույները մահանում էին, բայց չէին հանձնվում»:
Նշեմ, որ հույների բոլոր պատմական մեծ հաղթանակները մեծապես ամրապնդեցին նրանց հպարտ ազգային ինքնագիտակցությունը: Ազգի մեծությունը որոշվում է ոչ թե նրա քանակով, այլ թափված արյամբ։ Այո՛, Հունաստանը դիմադրեց 219 օր, երբ  Նորվեգիան՝ 61 օր, հզոր Ֆրանսիան՝ 43 օր, Լեհաստանը՝ 30, Բելգիան՝ 18 օր, Հարավսլավիան՝ 3, Չեխոսլովակիան ու Դանիան՝ ոչ մի օր։ Վերջինս հանձնվել էր գերմանացի մի մոտոցիկլավարին, որին երկրի թագավորը տվել էր իր թագը՝ այն Հիտլերին հանձնելու համար։ Հարկ է նշել, որ այս բոլոր երկրները Հունաստանեց շատ ավելի լավ էին զինված։ 
ԵՎ ԱՅՍՊԵՍ 2-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ՀՈՒՅՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ  ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ ակնհայտորեն ավելի մեծ է, քան Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներինը: Ստիպելով 2 ամսով հետաձգել ԽՍՀՄ գերմանացիների ներխուժումը,  հույները նպաստեցին ԽՍՀՄ հաղթանակին Հայրենական մեծ պատերազմում: Հետագայում Հաղթանակի մարշալ Գեորգի Ժուկովը կասի. «Եթե ռուսները կարողացան դիմադրել Մոսկվայի մերձակայքում,  կանգնեցնել և հետ նետել գերմանացիներին, ապա մենք  պարտական ենք հույներին, որ կապել էին  գերմանացիների ոտները, երբ նրանք  կարող էին մեզ ծնկի բերել»։ (Մոսկվայի ռադիոյի «24 սեպտեմբերի, 1942 թ.) ելույթից). Ավելի վաղ՝ 1941 թվականի գարնանը, Ռայխսթագում իր ելույթում ֆելդմարշալ Քայթելը ասել էր. «Հանուն պատմական արդարության մենք պետք է խոստովանենք, որ մեր բոլոր հակառակորդներից միայն հույն ազգն է պայքարել այդպիսի քաջությամբ և մահվան այդպիսի արհամարհանքով»։ 
Ֆաշիզմի դեմ հունական դիմադրության պատմությունը շատ վառ էջեր ունի, բայց առանձնանում են Կրետեի պաշտպանական մարտերը, երբ գերմանացիները Երկրորդ աշխարհամարտում իրենց առաջին լուրջ կորուստները կրեցին: Կղզում իջած գերմանացի լավագույն դեսանտայիններին ջարդել են  ոչ միայն հույն և անգլիացի զինվորները, այլև զայրացած հասարակ կրետացի գյուղացիներն՝ իրենց երկար դանակներով։ Գերմանացիներին վերջապես հաջողվեց գրավել այն տարածքը, որը պաշտպանում էին բրիտանացիները, և միայն  դրանից հետո գրավել ամբողջ կղզին։ Կրետեում ունեցած կորուստները ցնցեցին Հիտլերին. ըստ էության, նրա միակ օդադեսանտային դիվիզիան ամբողջությամբ ոչնչացվեց: Բրիտանացի ականավոր ռազմական տեսաբան Բ. Լիդելը գրել է. «Պատկերավոր ասած՝ Կրետեում Հիտլերը ջարդեց իր  այն ձեռքը, որով հարվածել էր»։ Իսկ Ուինսթոն Չերչիլը կասի. «Գյորինգի հաղթանակը Կրետեի նկատմամբ ճիշտ է Պյուռոսյան  հաղթանակ կոչել։ Այն զորքերով, ում  նա պառկեցրեց կղզում, հեշտ էր գրավել Կիպրոսը, Իրաքը, Սիրիան և նույնիսկ գուցե Պարսկաստանը»։ «Երկոտանի հովազների» մասին Բայրոնի հայտնի խոսքերը շատ լավ  են բնութագրում կրետացիներին: Զուր չէ, որ Սուլթան Սուլեյման Մեծը Կրետեի մասին դեռ 16-րդ դարում ասել է. «Եթե այդ անիծյալ կղզին չլիներ, մենք ամբողջ աշխարհն էինք կուլ տալու»:
Անգլիացի պահպանողական քաղաքական գործիչ և արտաքին գործերի նախարար սըր Էնթոնի Էդենը գրել է. «Հույները խափանեցին գերմանացիների բոլոր ծրագրերը. նրանք  ստիպված էին տասը շաբաթով հետաձգել Ռուսաստանի հետ պատերազմի սկիզբը։ Ես հարցնում եմ, թե ինչպիսին կլիներ այս պատերազմի արդյունքը առանց Հունաստանի»: Շառլ դը Գոլ. «Ես բառեր չեմ գտնում արտահայտելու Հունաստանի ժողովրդի հերոսական դիմադրության նկատմամբ իմ հիացմունքը»:    Ֆրանկլին Ռուզվելտ. «1940 թ. հոկտեմբերի 28-ին հույներին վերջնագիր տրվեց՝ 3 ժամում լուծել պատերազմի կամ խաղաղության հարցը։ Բայց եթե  3 օր, 3 շաբաթ, 3 ամիս, 3 տարի էլ տային, պատասխանը նույնն էր լինելու։ Հույները բոլոր դարերին քաջության դաս են տվել: Երբ ամբողջ աշխարհը կորցրեց հույսը, հույները որոշեցին վանել գերմանական հրեշին և նրա դեմ ազատության հպարտ ոգին բարձրացրեցին։ Հույների սխրանքը գերմանացիների դեմ, այն բանից հետո, երբ նրանք այդպես բացահայտ հաղթեցին հունական հողը նվաճելու ցանկությամբ տոչորված իտալացիներին,  ամերիկացիների սրտերը հիացմունքով և մեծ համակրանքով լցրեց» (1943 թվականի հոկտեմբերի 6-ին նրա տված ռադիոյի ելույթից): Մեկ այլ տեղ նա ասել է. «Հունաստանը օրինակ է ծառայում, որին մեզանից յուրաքանչյուրը պետք է հետևի.  ազատությունը զավթողները, որտեղ էլ որ լինեն երկրի վրա, պետք է կրեն իրենց արդար պատիժը»: Մորիս Շուման, Ֆրանսիայի արտգործնախարար 1969-1973, Ֆրանսիական ակադեմիայի անդամ 1974. «Հունաստանը ստրկացած, արյունոտ, բայց կենդանի՝ նահատակ Եվրոպայի խորհրդանիշն է։ Երբեք պարտությունն այն կրածների համար այսքան պատվաբեր չի եղել»։ (Լոնդոնում BBC-ի հեռարձակված՝ Եվրոպայի ստրկացած ժողովուրդներին ՝ 1941 թ. ապրիլի 28-ին ուղղված իր ուղերձից.  այդ օրը Հիտլերը Հունաստանի դեմ պատերազմում գրավեց Աթենքը, Մուսոլինիի դեմ 6 ամսյա և Հիտլերի դեմ   6 շաբաթվա պայքարից հետո): 
Դիմադրության անմահ էպոսը հույն ազգի մեծ ժառանգությունն է, ինչպես նրա մյուս մեծ պատմական սխրագործությունները, վառ առաջնորդող աստղ է, որը միշտ կճառագի իր անմար լույսը յուրաքանչյուր հույնի, որտեղ էլ որ նա լինի: Անգլիայի թագավոր Գևորգ VI-ը, ելույթ ունենալով իր երկրի խորհրդարանում 1945 թվականի մայիսին, ասաց. «Հունաստանի խիզախ պայքարը Երկրորդ աշխարհամարտում առաջին և ամենակարևոր շրջադարձն էր»։ 
Եվ հարկ է նշել, որ հույն ժողովուրդը խափանեց գերմանացիների պատրաստած զորահավաքը, թույլ չտվեց, որ ոչ մի հույն դաշնակիցների դեմ պատերազմի ուղարկվի. Արևելյան ճակատում գերմանական բանակի կազմում կռվում էին Եվրոպայի գրեթե բոլոր ժողովուրդների զորամասերը, բացի հույներից. ոչ մի հույն զինվոր Խորհրդային Միության դեմ չի կռվել: 
ԽՍՀՄ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Եվրոպայի բոլոր ժողովուրդները, ներառյալ ամենաշատ հալածյալ գնչուներն ու հրեաները (205 հազար), գերմանական բանակի կազմում՝ ազգային զորամասերում կռվել են խորհրդային զորքերի դեմ՝ բացառությամբ հույների և սերբերի։ Բացի այդ, Հունաստանը միակն էր գերմանացիների կողմից օկուպացված բոլոր երկրներից, որը թույլ չէր տալիս Գերմանիա աշխատուժ ուղարկել։ 
«Ես շատ եմ ցավում, որ ծերության պատճառով երկար չեմ ապրելու՝ շնորհակալություն հայտնելու հույներին, որոնց դիմադրությունը վճռորոշ դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմում», - ասաց Իոսիֆ Ստալինը (Մոսկվայի ռադիո, 31 հունվարի, 1943 թ.): Եվ Իոսիֆ Վիսարիոնովիչը յուրովի «շնորհակալություն» հայտնեց հույն ժողովրդին՝ ի դեմս սովետական հույների. 1949-ին նրանց մեծ մասը անասնավագոններով ուղարկվեցին Ղազախստանի անբնակ տափաստաններ, իսկ մինչ այդ՝ 1944-ին, Ղրիմի հույներին Սիբիր ուղարկեցին.  շատերը սովից մահացան։ Այլասերված «երախտագիտություն»: 
1944 թվականի մարտի 30-ին Հիտլերն ասաց. «Իտալիայի պատերազմ մտնելը մեզ համար արհավիրք դարձավ: Եթե իտալացիները չհարձակվեին Հունաստանի վրա (հարձակվելու մտադրություն չուներ հենց ինքը ֆյուրերը - հեղ.) և նրանք մեր օգնության կարիքը չունենային, պատերազմն այլ ընթացք կստանար։ Մենք կարող էինք ժամանակ ունենալ Լենինգրադն ու Մոսկվան նվաճելու  մինչև ռուսական ցուրտ եղանակի սկիզբը։ Ստալինգրադ չէր լինի»։ 
Պատմական փաստ է, որ հույների հերոսական պայքարը երկու այդքան անհրաժեշտ ամսով հետաձգեց Գերմանիայի և նրա դաշնակիցների հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։ Ուինսթոն Չերչիլն ասել է. «Մենք Անգլիայում գիտենք, որ պայքարը, որի համար զոհվեց Լորդ Բայրոնը, սուրբ է, և մենք կշարունակենք այն:  Եթե չլինեին հույների խիզախությունն ու քաջությունը, ապա հայտնի չէ, թե ինչ արդյունք կունենար Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Վերջնական հաղթանակից հետո Հունաստանը կստանա այն ամենը, ինչին արժանի է, և հպարտ կլինի, որ ապրելու է հաղթողների շարքում»։ Եւ ի՞նչ։ Հետո, ի խոր ափսոսանքս, Հունաստանում  քաղաքացիական պատերազմ սկսվեց, որի մասին չեմ սիրում խոսել։ Սա այլ թեմա է։ 
Փաստը մնում է փաստ, որ Հունաստանը, որպես հաղթանակած երկիր, պատերազմի ավարտից հետո զրկվել է պարտված Գերմանիայից փոխհատուցում ստանալուց։
 
Հայաստանի  «Պատրիդա» հունական համայնքի ղեկավար 
Էդ. ՊՈԼԱՏԻԴԻՍ
28 հոկտեմբերի, 2024 թ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն