Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար
31-10-2024 11:51:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է, և ըստ էության, նախապայման առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ:
Այս մասին Ազգային ժողովում բյուջե-2025-ի նախագծի քննարկման ընթացքում նկատեց ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։
«Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն, ու այստեղ մենք, իհարկե, որպես շատ հզոր և կոնկրետ ապացույց ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրեց՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»,- շեշտեց նա։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Ալմա Աթայի հռչակագրով նախանշված, այն է՝ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև եղած սահմանների հիման վրա այժմ արդեն անկախ ՀՀ-ի և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանների սահմանազատումը սահմանադրական է, և այդ սահմաններից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային պահանջ:
«Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր մտահոգությունները»,- ընդգծեց նախարարը: