Մարզպետների աշխատակազմերին կհատկացվի շուրջ 2,903,727.4 դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով


Մարզպետների աշխատակազմերին կհատկացվի շուրջ 2,903,727.4 դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով

  • 31-10-2024 15:02:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության 28.12.2023թ․ թիվ 2340-Ա որոշմամբ 2021,  2022, 2023 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի   1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով: ՀՀ 17 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 28 ծրագրերի /որոնցից 4-ը քննարկվել և հաստատվել է 2022 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, 15-ը՝ 2023-ին, 9-ը՝ 2024-ին/ գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,903,727.4 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Կառավարության ղեկավարը նշել է.  «Թվարկեմ այն ծրագրերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորում ենք: Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգում: Ենթածրագիրն ավարտված է: Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան, Դալար և Դեղձուտ բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 90%-ը: Արտաշատ համայնքի Այգեպատ,  Նորաշեն և Քաղցրաշեն բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 80%-ը: Արարատ համայնքի Զանգակատուն, Վարդաշատ և Երասխ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ: Կատարված է աշխատանքների 95%-ը: Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս բնակավայրում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ավարտված են աշխատանքները: Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում: Կատարված է աշխատանքների 60%-ը: Մեծամոր համայնքի Ջանֆիդա  բնակավայրի «Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցում: Ավարտված են աշխատանքները: Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի 9-րդ փողոցի ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Գեղհովիտ և Ձորագյուղ բնակավայրերի գազաֆիկացում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ոռոգման ջրատարների կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի փողոցների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Գեղհովիտ և Լեռնակերտ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում խմելու ջրագծի և կապտաժի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Լոռու մարզում Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրի թիվ 6 մանկապարտեզի շենքի վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ: Կատարված է աշխատանքների 75%-ը: Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի ոռոգման համակարգի վերանորոգում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան, Մրգաշեն և Նոր Արտամետ բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Ավարտված են աշխատանքները: Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն բնակավայրի Չարենցի և Շահումյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտված են: Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում մարզադպրոցի կառուցում: Կատարված է աշխատանքների 75%-ը: Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրի Կենտրոն և Մաքրավան, Միկրոշրջան և Հարավային թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ, որոնք ավարտված են: Ակունք համայնքի Հատիս բնակավայրի 1-ին, Զովաշեն բնակավայրի 2-րդ, Սևաբերդ բնակավայրի 2-րդ փողոցների ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի բակի նորոգում: Աշխատանքներն ավարտված են: Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում: Աշխատանքներն ավարտված են: Շիրակի մարզում Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում: Աշխատանքներն ավարտված են: Գյումրի համայնքի թվով 25 փողոցների հիմնանորոգում: Կատարված է աշխատանքների 95%-ը: Սյունիքի մարզում Կապան համայնքի Կապան բնակավայրի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/110 և 8/109 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում: Կատարված է աշխատանքների 90%-ը: Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի 2-րդ և 3-րդ փողոցների  տուֆապատում: Կատարված է աշխատանքների 85%-ը: Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում ներհամայնքային 3-րդ, 4-րդ և 5-րդ փողոցների տուֆապատում: Կատարված է աշխատանքների 70%-ը: Ահա, հարգելի գործընկերներ, սրանք էին նախագծերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորում ենք»:                                                                                                                              
 
Կգրանցվեն համայնքներից, անհատ կրողներից, մշակութային և գիտական կազմակերպություններից ստացված ոչ նյութական մշակութային ժառանգության առաջարկները 
 
Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ: Որոշման նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցելու հանգամանքով: 
 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի 2024 թ. ապրիլի 17-ի նիստի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում որոշվել է գրանցել համայնքներից, անհատ կրողներից, մշակութային և գիտական կազմակերպություններից ստացված ոչ նյութական մշակութային ժառանգության առաջարկները:
 
«Ըստ էության՝ այս պրոցեսը, որում մենք  հերթական քայլն ենք անում, մեծ հաշվով կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացման գործընթաց: Եվ ինչո՞ւ է շատ կարևոր, որովհետև երբ գործ ունենք նյութական արժեքների, հուշարձանների հետ, նրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի և ռիսկի են ենթարկված: Մեր իրականության մեջ այդպիսի շատ հայտնի և առանցքային նշանակություն ունեցող պատմություն կա: Ինչո՞ւ է, ընդհանրապես, մեր իրականության և մեր մշակույթի մեջ Կոմիտաս Վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում: Մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասն, ըստ էության, անէանալուց փրկել է, այսինքն՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով և այլն: Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա պետություն ունենք, որը պարտավոր է այս մշակութային քաղաքականության ուղղությունն իրականացնել»,-ասել  Կառավարության ղեկավարը և ընդգծել, որ այսօր էլ ոչ նյութական արժեքներ անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն: Վարչապետը նշել է, որ այս թեմայի հետ առնչվել է տարբեր մարզային այցելությունների ընթացքում և երկար ժամանակ է, աշխատանք է տարվում այս ուղղությամբ: «Ոչ նյութական կարևոր արժեք է մեր խոհանոցը: Իմիջիայլոց, հայկական խոհանոցը Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք որպես մեր ազգային արժեք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Վարչապետն ընդգծել է, որ ծրագիր իրականացնելու խնդիր է դրել, որպեսզի մասնագետներն անցնեն բնակավայրերով և ամեն բնակավայրի յուրահատուկ բաղադրատոմսը կամ ճաշատեսակը  ոչ միայն փաստագրեն, այլ նաև զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ հանրային սննդի բիզնեսի հետ համագործակցությամբ ընդգրկեն ճաշացանկերում, բացի այդ նաև հանրայնացնեն այդ բաղադրատոմսերը համացանցի և կատալոգների միջոցով: Այս համատեքստում Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Այս պրոցեսը պետք է անընդհատ շարունակվի, բայց շատ կարևոր է, որ մենք ոչ միայն իսկապես փաստագրենք, այլև նաև փաստագրենք այնպես, որ դա նաև հասանելի լինի»:
 
«Հետևաբար՝ այսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանի Հանրապետությունն այս գործառույթը պետք է լիարժեք իրականացնի, որը շատ բարդ աշխատանք է, և այդ աշխատանքը շատ ուրախ եմ, որ մենք պետք է անենք»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Թեմայի շրջանակում Վարչապետն անդրադարձել է նաև հայկական ապրանքանիշի դիրքավորման անհրաժեշտությանը, ընդգծել դրա կարևորությունը ժամանակակից տնտեսություն ունենալու համար:  
 
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին նշել է, որ այս մասով ակտիվ համագործակցություն կա Եվրոպական միության գործընկերների հետ, մասնավորապես՝ «Հայկական բրենդի» ապրանքանիշի դիրքավորման և զարգացման ուղղությամբ: Էկոնոմիկայի նախարարը նաև զեկուցել է, որ հայկական աշխարհագրական նշումների գրանցման գործընթացում առկա է որոշակի առաջընթաց, և մինչև տարեվերջ 4 աշխարհագրական նշում կներկայացվի, որպեսզի հավաստագրվի միջազգային կանոններին համապատասխան:
 
Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Էկոնոմիկայի նախարարությանն այս ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն և պատշաճ մակարդակով իրականացնել: 
 
Փոփոխություն կկատարվի դպրոցների և կրթահամալիրների կառուցման կատարողների միջև
 
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2024թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում կատարել վերաբաշխում կատարողների միջև՝ 2,685,000.0 հազար դրամի չափով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով: Վերաբաշխումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի 1236 ծրագրի 32003 և 32005 միջոցառումների շրջանակներում։ 
 
Կառավարության մի շարք որոշումներով կատարվել են մի շարք փոփոխություններ 300 դպրոցի ցանկում, մասնավորապես՝ որոշ դպրոցների համար սահմանվել է կրթահամալիր կարգավիճակը և հակառակը, ինչպես նաև մի շարք դպրոցների համար պատվիրատու սահմանված ՀՀ քաղաքաշինության կոմիտեն փոխարինվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամով։ Նշված որոշումների ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկել է պայմանով մրցույթները։ Մրցույթների արդյունքում կնքվել են (կամ գտնվում են ընթացքում) պայմանագրեր, որոնց հիման վրա որոշմամբ կատարվում են հատկացումներ։
 
Որոշման ընդունմամբ փոփոխություն կկատարվի դպրոցների և կրթահամալիրների կառուցման կատարողների միջև: Ըստ այդմ՝ որոշմամբ նախատեսվում է ներքոնշյալ դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար պատվիրատու սահմանել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ գ. Գետափի կրթահամալիր, գ. Աղավնավանքի միջնակարգ դպրոց, ք. Նոյեմբերյանի վարժարան (ք. Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցի տեղակայման վայրում), Լեռնանիստ բնակավայրի միջնակարգ դպրոց, ք. Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց, գ. Գեղակերտի միջնակարգ դպրոց, գ. Արևաբույրի կրթահամալիր, գ. Վերին Խոտանանի կրթահամալիր, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ, գ. Վարդանաշենի կրթահամալիր:
 
Անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդակցությանը՝ վարչապետը հիշատակել է, որ ըստ էության, 90-ականների սկզբից մինչև 2017թ. Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է 192 դպրոց, որոնց մեծ մասն աղետի գոտում: Այսինքն՝ Շիրակի և Լոռու մարզերի այն դպրոցների մասին է խոսքը, որոնք 1988 թվականի երկրաշարժից փլուզվել են կամ անհրաժեշտ է եղել զրոյից նոր դպրոցներ կառուցել: Ինչ վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 223 դպրոցում իրականացվող աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընդհանուր առմամբ՝ առնվազն վատ չէ մեր ծրագրի ընթացքը, նույնը կարելի է ասել մանկապարտեզների մասին: Մանկապարտեզների ծրագրի ընթացքն ավելի լավն է: Մենք պետք է հետևողական շարունակենք, և այս ծրագիրը շատ կարևոր է, բայց ինչպես արդեն Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ քննարկում եղավ, երկխոսություն եղավ. իսկ ի՞նչ է լինելու 300 դպրոցի ծրագրի՝ այս ծրագրի ավարտից հետո: Տեղի է ունենալու հետևյալը՝ հաջորդ 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագիրն է սկսելու: Մենք արդեն պայմանավորվեցինք, որ այսօրվանից առանց մեր ընթացիկ շինարարական աշխատանքները կանգնեցնելու, դանդաղեցնելու, վնասելու, մենք գույքագրում ենք այն դպրոցների ցանկը, որ առաջին 300-ն ավարտելուց հետո, պետք է սկսենք երկրորդ 300-ը: Իսկ դա նշանակում է, այսինքն՝ ակնհայտ է արձանագրումից, որ այդ երկրորդ 300-ի անհրաժեշտությունն ակնհայտ է: Երրորդ 300-ի անհրաժեշտությունը կգնահատվի արդեն երկրորդ 300-ի իրականացումից հետո»: 
 
Թեմայի առնչությամբ չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվել է նաև որոշում, որը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ նախատեսված 300 դպրոցների կառուցումը ՀՀ Կառավարության նշված որոշմամբ նախատեսված ժամկետում հնարավորինս իրագործելի դարձնելու, ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 3-րդ և 4-րդ պարբերությունների պահանջների (մինչև 2026 թվականը առնվազն 500 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում կամ վերակառուցում) կատարումն ապահովելու, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Որոշմամբ կհստակեցվի վերը նշված փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մոդուլային տիպի նոր դպրոցների և մանկապարտեզների շինարարական աշխատանքների (կառուցման), գոյություն ունեցող դպրոցների, դպրոցների մարզադահլիճների և մանկապարտեզների վերակառուցման, հիմնանորոգման մեկնարկը կտրվի ավելի սեղմ ժամկետում։
 
Չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված հաջորդ որոշումը վերաբերում է ՀՀ Կառավարության  2023 թվականի հոկտեմբերի 26-ի N1869-Ն որոշմամբ սահմանված դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններին։ Կարևորելով դպրոցաշինության ծրագրի գնման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպումը՝ որոշմամբ ակնկալվում է ապահովել ծրագրով նախատեսված դպրոցների շինարարական աշխատանքների իրականացումը սահմանված որակին և ժամկետներին համապատասխան։
 
Կամավոր ատեստավորված ուսուցիչներին կտրամադրվի իրենց հասանելիք հավելավճարները
 
Կառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2022 թվականի ապրիլի 28-ի ՀՀ Կառավարության «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման,  կամավոր ատեստավորման  հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին իրենց հասանելիք հավելավճարների տրամադրման և 2024 թվականի օգոստոսի 22-ի ՀՀ Կառավարության թիվ 1337-Ն որոշման հավելված N 8-ի փոփոխության անհրաժեշտությունից: Որոշմամբ չորրորդ եռամսյակի կտրվածքով հաշվարկված, այս պահին փաստացի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին հավելավճարներ տրամադրելու նպատակով կհատկացվի ևս 1,424,755,7 հազար դրամ՝ հաշվի առնելով նաև 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված նոր դասաբաշխումը։
 
Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել
 
Կառավարության որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակ¬ների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրակա¬նացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման հավելվածներում: Ելնելով վերոգրյալից՝ նախատեսվում է ՀՀ Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ կատարել լրացումներ և հատուկ բացառություններ նախատեսել օդանավակայաններում առևտրային շահագործման  թույլտվությունների հիման վրա գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։
 
Հաստատվել է դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը
 
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը:
 
Որոշման ընդունման նպատակը մի շարք ապրանքների (թեյ, սուրճ, դեղեր, ներկանյութեր, օծանելիք և մի շարք այլ ապրանքներ) դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելն է։ Որոշման իրականացումը հանգեցնելու է հետևյալ արդյունքների՝ պետական բյուջեի ծախսերի կրճատում, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա, տեսանելի հեռանկարում ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը, համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից /կամ ներմուծումից/ մինչև սպառում, ապրանքների նույնականացում և, հետևաբար, շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ, ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով։ Հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը։ Հայաստանի Հանրապետությունում ներդրված է ժամանակակից էլեկտրոնային համակարգ, որը ներդաշնակ ինտեգրվում է  ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և ծառայում է  Հայաստանում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը նպաստում է  թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։
 
Հնարավորություն կստեղծվի մեկնարկելու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված շինարարական ծրագրերը
 
Գործադիրի որոշմամբ հնարավորություն կստեղծվի մեկնարկելու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված շինարարական ծրագրերը: 2023 թվականի պետական բյուջեով «Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովում»  միջոցառման շրջանակներում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի համար հատկացումների մասով նախատեսվել է ձեռքբերել բազմաբնակարան շենքի տիպային (բազմակի կիրառման, օրինակելի) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանք ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 4 և ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի թվով 2 հողատարծքներում տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն, ինչպես նաև դրանց քաղաքաշինական պարզ փորձաքննության ծառայություն: Այդ նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Նորաշեն ՆՏ արտադրական կոոպերատիվի միջև 2023 թվականի մարտի 22-ին կնքվել է N ՀՀՔԿ-ԲՄԽԾՁԲ-22/5 (39,900,000 ՀՀ դրամ),  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Արխիտեկտ ՍՊ ընկերության միջև 2023 թվականի հունվարի 23-ին կնքվել է N ՀՀՔԿ-ԳՀԾՁԲ-22/29 (2,140,000 ՀՀ դրամ) պայմանագրեր: Համաձայն պայմանագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու վճարումն իրականացվելու է փուլային եղանակով և 1-ին փուլի համար վճարումը պետք է կատարվի գնային առաջարկի 45% արժեքի չափով։ 
 
Կապահովվի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը
 
Կառավարության որոշմամբ, վերաբաշխում կկատարվի 2024թ. պետական բյուջեի մասին օրենքում: Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2024 թվականի տարեկան պահպանման ծախսերը 50,958.0 հազ. դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունման արդյունքում կապահովվի ««Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ և մրցունակության ամրապնդմամբ: 
 
2024 թվականի ՀՀ պետական բյուջեով ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 313,992.0 հազ դրամ: ՀՀ տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի նոր համակարգի ներդրման արդյունքում այսօր առկա է ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ռադիոեթերի մշտադիտարկման միասնական ցանց, որը ՀՀ ողջ տարածքում հնարավորություն է տալիս իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում:  Արագ հայտնաբերվում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացառում են չթույլատրված ռադիոհեռարձակումները, ինչպես նաև ռադիոխանգարումներ առաջացնող վնասակար սարքերը և համակարգերը` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից: Համակարգը ծառայում է նաև հատուկ նշանակության խնդիրների լուծման համար: Իրականացվում են ռադիոեթերի մշտադիտարկում՝ 24/7 (ժամ/օր) ռեժիմով, որը հնարավորություն է տալիս ապահովվել մինչև 100% եթերի մաքրություն: Նոր՝ Ռադիոմոնիտորինգի համակարգի ծրագրի ներդրմամբ աշխատակիցների թիվը կավելանա 11 -ով, որից 6 աշխատակից Գորիսի նոր բացված ռադիոհսկման կայանում, Գյումրի և Վանաձոր ռադիոհսկման կայաններում շարժական կայանի համալրման համար 2 աշխատակից և 3 աշխատակից՝ ՊՈԱԿ-ի գլխամասում:  
 
Կապահովի տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը
 
Գործադիրը որոշում է կայացրել, որի շրջանակում նախատեսվում է սահմանել. տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային օրինակի՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմին չներկայացման համապատասխան դեպք, մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամկետները, նպատակները, հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվող տեղեկությունները, հայտարարատուի կողմից մաքսային մարմին տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար ներկայացվող դիմումի ձևը։ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության և հաշվառման նպատակով ապահովել տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը։ Ներկայումս իրականացվող՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման շրջանակներում առաջացել է տրանսպորտային միջոցի հայտարարագրի՝ հայտարարատուի դիմումի հիման վրա էլեկտրոնային տեսքի ձևավորման համար համապատասխան իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտություն։
 
Սահմանվում է իրավակարգավորում կենդանու սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի և մթերքի դեպքում
 
Կառավարությունն ընդունել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 5․1 կետի կատարումն ապահովելու նպատակով՝  օրենքով սահմանվում է, որ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաև ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության և հաստատված պլանի ներկայացումը, ինչպես նաև սահմանվում է իրավակարգավորում կենդանու սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի և մթերքի դեպքում այսուհետ տրամադրել  տեղեկատվություն նաև կենդանու բուծման երկրի մասին։ Այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացվելու են նաև ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար և իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության և որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Վերը նշված դրույթը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
 
Լեռնային Ղարաբաղից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար 
 
Գործադիրի որոշմամբ կկարգավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, մասնավորապես՝ միայնակ տարեցների բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։ Որոշմամբ առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում վերջիններիս մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։ Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։ Որոշման ընդունմամբ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, մասնավորապես՝ միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) համար։
 
Օրենսդրական նախաձեռնություն
 
Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինք¬նակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաս¬տանի Հանրա¬պետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաս¬տանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
 
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը, աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ փոփոխություններ են կատարվում նաև հարակից օրենքներում:
 
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի  փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկությանը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն