Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի


Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի

  • 02-11-2024 10:58:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։
 
«Միջուկային դոկտրինի փոփոխություն դեռևս հնարավոր է՝ Իրանին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում: Մենք ունենք միջուկային զենք արտադրելու տեխնիկական հնարավորություններ, և հեղափոխության առաջնորդի ֆեթվան միակ բանն է, որ կանգնեցնում է մեզ»,- ասել է իրանցի պաշտոնյան:
 
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան միջուկային զենքի մշակման, արտադրության և օգտագործման կրոնական արգելք է, քանի որ նման գործողությունները կարող են հանգեցնել զանգվածային ոչնչացման և անմեղ մարդկանց մահվան, ինչը հակասում է իսլամական նորմերին: Թեհրանը բազմիցս օգտագործել է այս արգելքը՝ որպես իր ազգային միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի փաստարկ։
 
Խարազին նաև ասել է, որ Իրանը դիտարկում է իր հրթիռային ծրագրի ընդլայնման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ իսլամական հանրապետությունը կարող է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ չնայած 2017 թվականին ներդրված կամավոր սահմանափակմանը։ Որոշումը նպատակ ուներ ցույց տալու, որ Իրանի բալիստիկ հրթիռները, որոնց հեռահարությունը սահմանափակվում է 2000 կիլոմետրով, նախատեսված են բացառապես պաշտպանական նպատակներով:
 
«Խոսքը այն հրթիռների հեռահարության մասին է, որոնց վրա դեռևս ֆիքսված են արևմտյան երկրները, եթե արևմտյան երկրները չեն ճանաչում մեր մտահոգությունները Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ, ապա մենք չպետք է հաշվի առնենք նրանց մտահոգությունները։ Ուստի իրանական հրթիռների թռիչքի հեռահարությունը կարող է մեծացվել»,- ընդգծել է Խարազին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը